Համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերությունը բախվել է որակյալ կադրերի աճող պակասի խնդրին։ Մինչև 2030 թվականը ոլորտում կարող է շուրջ 4.3 միլիոն ավտոմեխանիկների և տեխնիկական մասնագետների պակաս առաջանալ։
Այս մասին նշվում է Motor1-ի հրապարակման մեջ, որը նվիրված է ապագա ավտոմեխանիկների պատրաստման ծրագրին։ Այն իրականացնում են Valvoline Global ընկերությունը և Aston Martin Aramco Formula One թիմը։ Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ չեն բացահայտվում 4.3 միլիոն աշխատակցի պակասի կանխատեսման աղբյուրը և մեթոդաբանությունը։
Հրապարակման հեղինակները նշում են, որ որակյալ մասնագետների պակասը վերաբերում է ինչպես սովորական ավտոմեքենաների սպասարկմանն, այնպես էլ պրոֆեսիոնալ ավտոսպորտին։ Մասնավորապես, Aston Martin Aramco Formula One մրցարշավային թիմում աշխատում է 50-75 մեխանիկ և տեխնիկ, որոնք պատասխանատու են մրցարշավային մեքենաների հավաքման, վերանորոգման, սպասարկման և մրցումներին նախապատրաստման համար։
Երիտասարդ մասնագետներ ներգրավելու նպատակով Valvoline Global-ը Aston Martin-ի հետ համատեղ մեկնարկել է հնգամյա կրթական ծրագիր՝ Aspiring Mechanics անվանումով։ Նախագիծը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերին և ուղղված է մասնագիտության մեջ ներգրավվելու խոչընդոտների նվազեցմանը։
Առաջին տարվա ընթացքում ծրագիրն ընդգրկել է յոթ երկիր և ավելի քան 1000 մասնակից։ Ապագա մեխանիկները հնարավորություն են ստացել մասնակցելու գործնական ուսուցման, օգտվելու մասնագիտական գործիքներից, կրթաթոշակներից և մենթորական աջակցությունից։
Կրթական նախաձեռնություններն իրականացվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Ավստրալիայում, Թաիլանդում և Պորտուգալիայում։ Մասնավորապես, իսպանացի ուսանողները հնարավորություն են ստացել վերապատրաստվելու ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցում և այցելելու «Ֆորմուլա-1»-ի թիմի ավտոտնակ, իսկ Մեքսիկայից մասնակիցները ներգրավվել են մրցարշավային մեքենաների պատրաստման աշխատանքներում։
Valvoline Global-ի՝ Լատինական Ամերիկայի գլխավոր տնօրեն Գուստավո Շմիդտը նշել է, որ տրանսպորտային միջոցների անվտանգ և հուսալի շահագործման համար որակյալ մեխանիկներն անհրաժեշտություն են։
Նրա խոսքով՝ կադրերի աճող պակասը լուրջ սպառնալիք է ներկայացնում ավտոմոբիլային արդյունաբերության համար։ Ընկերությունը հույս ունի, որ մասնագիտական կրթության և գործնական ուսուցման համադրությունը թույլ կտա նոր աշխատակիցներ ներգրավել այս ոլորտ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։