ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երևանում անցկացվող «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովում ունեցած ելույթում առաջնային է համարել ճշմարտությունն իմանալու ընտանիքների իրավունքը:
Միջոցառմանը մեկտեղվել են տարբեր պետությունների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական համայնքի, իրավապաշտպան ոլորտի և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ, հայտնում է Aysor.am-ը:
ՄԻՊ-ն անդրադարձել է անհետ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների ապահովման ոլորտում Հայաստանի փորձին, չլուծված խնդիրներին, ինչպես նաև ներպետական ու միջազգային մակարդակներում շարունակական ջանքերի կարևորությանը։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ անհետ կորած անձանց գտնվելու վայրի և ճակատագրի բացահայտման հարցը չի սահմանափակվում որոնողական աշխատանքներով կամ առանձին իրավական ընթացակարգերով։ Խնդիրն ուղղակիորեն կապված է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ, մինչդեռ հարազատների երկարատև անորոշությունը հանգեցնում է հոգեբանական, սոցիալական և այլ ծանր հետևանքների։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ բոլոր գործընթացների հիմքում պետք է դրվեն յուրաքանչյուր ընտանիքի՝ իր հարազատի ճակատագրի ու գտնվելու վայրի մասին ճշմարտությունն իմանալու իրավունքը և մյուս հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այդ իրավունքի լիարժեք իրացման համար պետությունը պետք է անհրաժեշտ ու արդյունավետ քայլեր ձեռնարկի, ընտանիքներին ժամանակին տրամադրի արժանահավատ տեղեկություններ և ապահովի խնդրի զգայունությունը հաշվի առնող հանրային հաղորդակցություն՝ բացառելով այնպիսի տպավորության ձևավորումը, թե տարբեր գործընթացներում մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերը երկրորդական նշանակություն ունեն։
Մանասյանն առանձնակի կարևորություն է տվել ազգային և էթնիկ պատկանելությամբ պայմանավորված ատելության խոսքի բացառմանը՝ ընդգծելով, որ դա կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանն ու բազմաթիվ խնդիրների կարգավորմանը։
«Ես պարբերաբար դատապարտել եմ նմանատիպ խոսույթը և կարևորում եմ, որ այլ պետություններում ևս մեր գործընկերները խիզախություն ունենան անելու դա»,-ասել է Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ը շեշտել է նաև միջպետական արդյունավետ համագործակցության զարգացման, վստահության միջավայրի ստեղծման, միջազգային գործընկերների հետևողական մասնակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանի գնահատմամբ՝ առանց մասնագիտական և էթիկական պատշաճ չափանիշների պահպանմամբ իրականացվող երկկողմ համագործակցության ու միջազգային դերակատարների մասնակցության հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը։ Գործընթացը երկարաժամկետ, համակարգված և շարունակական ջանքեր է պահանջում։
Պանելային քննարկման մյուս մասնակիցների թվում են եղել Կիպրոսում անհայտ կորած անձանց հարցերով կոմիտեում (CMP) ՄԱԿ-ի ներկայացուցիչ Պիեռ Ժանտիլը, Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Կլայզերը և կոմիտեում Կիպրոսի հունական համայնքի ներկայացուցիչ, դոկտոր Լեոնիդաս Պանտելիդեսը։
Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերը համաժողովի մասնակիցներին դիմել է տեսաուղերձով։