Քաղաքականություն
19.11.2026 | 14:55
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, բացելով Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջին եռակողմ գագաթնաժողովը, հայտարարել է աշխարհում կայունության ապահովման համար երեք մեծ տերությունների համագործակցության կարևորության մասին։
«Մեծ տերությունների միջև դրական փոխգործակցությունն ընտրության հարց չէ, այլ պարտադիր պահանջ»,- ասել է նա։
Նկարագրելով երեք երկրների փոխգործակցության կառուցվածքը՝ Սին նշել է, որ Պեկինը «զարգացրել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունն ու համակարգումը նոր դարաշրջանում» և «ակտիվորեն ձգտել է կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ»։
Նրա խոսքով՝ աշխարհում հանգստություն է տիրում, երբ մեծ տերություններն ապրում են խաղաղության մեջ, իսկ նրանց միջև թշնամանքի դեպքում աշխարհը հայտնվում է քաոսի մեջ։ Հետևաբար, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է համագործակցեն գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ և համատեղ պաշտպանեն խաղաղությունն ու կայունությունը։
Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումը նա բնութագրել է որպես բեկումնային։
Սին եռակողմ հանդիպման ընթացքում իր ամերիկացի և ռուսաստանցի գործընկերներին ասել է, որ միջուկային զենքը պետք է ամբողջությամբ արգելվի և լիովին ոչնչացվի։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն կերպ կանխել միջուկային պատերազմը և ստեղծել միջուկային զենքից զերծ աշխարհ։
«Միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և այն երբեք չպետք է մղվի։ Պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ միջուկային պատերազմը կանխելու, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու և համաշխարհային ռազմավարական կայունությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի