ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ առաջարկին հավատալն ընդդիմության կողմից միամտություն և հիմարություն կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից իշխանության և ընդդիմության հնարավոր պայմանավորվածություններին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ի ճեպազրույցում ընդդիմությանն առաջարկել է գնալ հանրաքվեի՝ տալով սահմանադրական հանրաքվեի անցկացնելու հետ կապված համապատասխան ձայները։ Փաշինյանը նշել է, որ, եթե ժողովուրդը մերժի իր առաջարկած Սահմանադրությունն, ապա ինքը հրաժարական կտա և հաջորդ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
«Կարծում եմ՝ ամեն մեկը, ով իրեն հարգում է` հատկապես քաղաքական գործիչը, չի կարող Նիկոլ Փաշինյանին հավատալ, որովհետև երբ մարդուն մի անգամ են խաբում, խաբողի մեղքն է, երկրորդ անգամ են խաբում՝ խաբողի մեղքն է, բայց 168-րդ անգամ, երբ խաբում են, արդեն խաբվող սուբյեկտի մեղքն է»,– ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը իշխանության հետ գործարքի չի գնալու՝ անկախ Փաշինյանի առաջարկներից։
«Ես գիտեմ, որ ընդդիմությունն իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չի գնում։ Էդ որտե՞ղ է Փաշինյանը նման բան տեսել։ Փաշինյանն այդպիսի ընդդիմությո՞ւն է եղել, իր պրակտիկայի՞ց է նման առաջարկ անում»,– նշեց պատգամավորը։
Վարդանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը նախկինում բազմիցս փոխել է իր հայտարարություններն ու դիրքորոշումները՝ դրանք բացատրելով իրավիճակի փոփոխությամբ։
«Փաշինյանը մարդ է, որ երբ ասում է՝ հա, շատ բան եմ ասել, բայց իրավիճակ է փոխվել, հիմա էլ կգա, կասի՝ այ, ես եմ հաստատել խաղաղություն, ու եթե չառաջադրվեմ ընտրություններում, կփլուզվի ամեն ինչ։ Մարդն ամեն անգամ, երբ տեսախցիկ է տեսնում, ասում է, որ իր նախորդ ասածները չմեջբերենք, քանի որ ամեն օր իրավիճակ է փոխվում։ Առաջարկ ունեմ Փաշինյանին՝ թող հինգ նախադեպ բերի, որ ինքը չի գցել։ Փաշինյանի որևէ առաջարկին հավատալն ընդդիմության կողմից կլինի միամտություն և հիմարություն»,– մանրամասնեց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ իշխանություններին չի հաջողվելու ընդդիմությունից ստանալ իրենց անհրաժեշտ ձայները՝ անկախ կիրառվող ճնշումներից։
«Թրով լինի, սրով լինի, ԱԱԾ-ով լինի, քննչականով լինի՝ չի ստանալու։ Մենք այդ ընդդիմությունը չենք, ու Փաշինյանը դրանից է զարմանում, որ ընդդիմության առաջնորդները կալանավորված են, իրենց բոլորի վրա քրեական գործ կա, բայց վրաները չի ազդում»,– ասաց պատգամավորը։
Անդրադառնալով իշխանությունների խաղաղության մասին հայտարարություններին՝ Վարդանյանը պնդեց, որ խաղաղությունը չի կարող գնահատվել միայն ռազմական գործողությունների բացակայությամբ։
«Արարատ Միրզոյանի ասածն է՝ մեռնեք էլ, խաղաղություն կլինի։ Արցախում էլ խաղաղություն է, հայ չկա։ Դա ենք մենք ասել՝ գերեզմանային խաղաղություն»,– եզրափակեց Վարդանյանը։