Մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։
ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք հիանալի հարաբերություններ են ունեցել երկար տարիներ։ Կողմերի հանդիպումը տևել է 35–40 րոպե։ Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ այն լավ է անցել։ Երկու ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը և երկկողմ հարաբերությունները։ Ուշակովը նշել է, որ Ուկրաինան եղել է հանդիպման գերիշխող թեման։
Սի Ծինփինի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նշել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման գործում։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանն իրենց հարաբերությունները դարձրել են արդար։ «Մենք մաքսատուրքերը բաժանել ենք և դրանք կրճատել բավականին արդարացի ձևով»,– նշել է Թրամփը։ Նա Սի Ծինփինին անվանել է իր ընկերը՝ շեշտելով, որ իրենք «շատ յուրահատուկ» հարաբերություններ ունեն։
Սի Ծինփինը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Թրամփի հետ համագործակցությունը՝ երկու երկրների հարաբերությունները «ճիշտ ուղու վրա» պահելու նպատակով։ Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները կայուն են և շարունակում են բարելավվել։