Երեկ՝ նոյեմբերի 18-ին, բանակում զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել Սոթքի զորամասում։
MediaHub-ին այսօր հայտնի է դարձել, որ զինծառայողի ընտանիքն ապրում է Գավառում։ Նա 18 տարեկան էր, անունը՝ Նարեկ։ Լրատվամիջոցներում շրջանառվող ինքնասպանության վարկածը պաշտոնապես հաստատված չէ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Գավառ քաղաքից MediaHub-ին փոխանցեցին, որ Նարեկի ընտանիքը մշտական չէր բնակվում Գավառում, ըստ մեր զրուցակցի՝ գնում գալիս էին։ «Նարեկը համեստ ու ընկերասեր երիտասարդ էր, որոշել էր ծառայությունը շարունակել, դրա համար բանակ էր զորակոչվել «Պատիվ ունեմ» ծրագրով։ Քաղաքում պտտվում են լուրեր, թե իբր ինքնասպանություն է գործել, բայց չեմ պատկերացնում այդքան համեստ ու հասուն տղայից, որ կարող էր նման քայլի գնալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ բաց աղբյուրներում հրապարակած տվյալների, ընթացիկ տարում ոչ մարտական պայմաններում գրանցվել է զինծառայողների մահվան առնվազն 44 դեպք։ «Չգիտեմ ինչի հետևանք է այս ամենը, բայց բանակում պետք է փոխվեն բարքերը։ Ի վերջո քարե դարում չենք ապրում, տղաները պետք է հասկանան մեկը մյուսին և միմյանց ընդունեն որպես եղբայրներ։ Հակառակ դեպքում՝ մահվան դեպքերի վիճակագրությունը սարսափեցնող է, մանավանդ, որ դրանք ներկայացնում են իբրև ինքնասպանություն»,- եզրափակեց Գավառի բնակչուհին։