Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում էր Հայաստանում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։ Գործող կարգավորմամբ այդ ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նախագծի հիմնական նպատակը փաստաթղթերի վավերականության շարունակականության ապահովումն է և ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտների կրճատումը։
Ըստ նախագծի՝ ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի դիմում ներկայացնելու ժամանակավոր պաշտպանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար։
Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես փաստաթղթերի գործածման գործող կանոններով, այնպես էլ ՀՀ քաղաքացիության դիմումների աճով։ Գործող օրենսդրությամբ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում, իսկ «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալիս փոխանակման է ենթակա նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց թիվն աճել է՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի 2,154-ից հասնելով 2026 թվականի առաջին կիսամյակում 6,929-ի։ Քանի որ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթը, փաստաթղթերի ժամկետների երկարաձգումը միտված է ապահովելու այդ պահանջի կատարումը և գործընթացը դարձնելու առավել սահուն։
Մարիաննա Արամյան