Ի՞նչ ուղերձ հղեց Փաշինյանը Էրդողանին՝ թուրքական բանանը ծոցագրպանում պահելով և հետը Հայաստան բերելով

Այն բանանը, որը Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից վերցրեց, դրեց ծոցագրպանը՝ ասելով, թե ճանապարհին պետք կգա, և այդպես իր հետ հասցրեց Հայաստան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, կարող է պարունակել ինչպես քաղաքական ուղերձ, այնպես էլ որոշակի տեխնոլոգիա։

«Ի՞նչ քաղաքական ուղերձ կարող է պարունակել։ Եթե հիշում եք, նա այդ բանանը վերցրեց Թուրքիայից, այսինքն՝ Թուրքիայի ինչ-որ մասնիկ դրեց իր գրպանը՝ սրտին մոտ։ Սա հերթական ռևերանսն էր Թուրքիային՝ խորհրդանշական առումով։ Սա Արևելք է, իսկ Արևելքում սիմվոլիզմը մեծ նշանակություն ունի։

Եթե հիշում եք, տարիներ առաջ Նյու Յորքում Էրդողանը նրան իր գիրքն էր նվիրել, իսկ Փաշինյանը այդ գիրքը երջանիկ ժպիտով սեղմել էր կրծքին։ Հիմա սա պրոթուրքական սիմվոլիզմի երկրորդ սերիան է։ Բանանը դրեց ծոցագրպանը՝ սրտին մոտ, և ամբողջ աշխարհով թուրքական այդ մասնիկը տանում էր՝ ի վերջո հասցնելով Հայաստան։ Սա քաղաքական ուղերձ էր թուրքերին, անձամբ Էրդողանին»,- Aravot.am-ին ասաց Հակոբյանը։

Վիգեն Հակոբյան

Անդրադառնալով Փաշինյանի կիրառած տեխնոլոգիային՝ Հակոբյանը նկատեց, որ այդ օրերին վարչապետն անընդհատ պատմում էր բանանի ճանապարհորդության մասին։

«Այսինքն՝ նա իր ընտրազանգվածին սերիալ էր մատուցում։ Մասնավորապես՝ ընտրազանգվածի այն հատվածին, որն առանձնապես չի փայլում ինտելեկտով և սոցիալական ցածր պատասխանատվություն ունի երկրի ու կյանքի նկատմամբ։ Նրանք սերիալների սիրահար են, և Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր այդ սերիալն էր մատուցում՝ «Թուրքական բանանի անհավանական արկածները՝ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ»։ Բանանը ճամփորդում էր, իսկ Նիկոլ Փաշինյանն ուղեկցում էր նրան։

Այդ մարդկանց օրը լցնում էր նման սերիալով, որպեսզի նրանք դրա մասին խոսեն։ Ընդ որում՝ եթե նա որոշում է որևէ օրակարգ ձևավորել՝ մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այլ նպատակով, նրա համար նշանակություն չունի, թե իր մասին ինչ կասեն՝ կքննադատեն, կծաղրեն, թե կասեն՝ մեր նման պարզ տղա է։ Տեխնոլոգիայի տեսանկյունից նրա համար կարևորն այն է, որ այդ օրը լսարանին զբաղեցնի կենցաղային թվացող որևէ թեմայով, որի շուրջ մարդիկ կխոսեն, որպեսզի ավելի լուրջ հարցերի մասին չսկսեն մտածել»,- ասաց Հակոբյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment