Մայր Աթոռում անցկացվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համատեղ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը։

Վիկտորինայի նպատակն է խաղերի ու հարցուպատասխանի միջոցով սաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և խորացնել նրանց աստվածաշնչյան գիտելիքները։ Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր մայիսին։ Մալաթիայի Հայորդյաց տանը կայացած վիկտորինայի հարցերը կազմվել էին աստվածաշնչյան պատմությունների հիման վրա, որոնք սաներն ուսումնասիրել էին կրոնի դասերին։ Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ։

Միջոցառման ավարտին Հայորդյաց տների սաներին ընդունեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ գոհունակություն հայտնելով Սուրբ Գրքի ուսումնասիրման գործում սաների ցուցաբերած ջանասիրության առնչությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր կրթության դերը մանուկների ու պատանիների քրիստոնեական և ազգային նկարագրի կերտման կարևոր առաքելության մեջ՝ հորդորելով սաներին սերտել Սուրբ Գիրքը և Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում։

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, Հայորդյաց տների հոգևոր սպասավորներին, տնօրինությանը, մանկավարժներին և սաների ծնողներին՝ նվիրյալ ու նախանձախնդիր աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրական օրհնությունը՝ մաղթելով, որ զորանան հավատքի մեջ, լինեն ազգի արժանավոր զավակներ, սիրով շարունակեն ուսումը և իրենց գիտելիքներն ու շնորհները ծառայեցնեն մեր ժողովրդի և հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment