ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:
«Պարո՛ն Դավթյան, 3 րոպե է ասում եք, թե ինչի եք Դուք դա անվանում «ալիևյան սահմանադրություն», արդարանում եք, արդարանում եք։ Կարիք չկա, բոլորս էլ գիտենք՝ ինչի եք Դուք ասում։ Ձեզ ասել են՝ ասեք «ալիևյան սահմանադրություն», եկել եք, ասում եք՝ «ալիևյան սահմանադրություն»։ Վաղը կասեն՝ կողմ քվեարկեք, որ գնա հանրաքվե, գալու եք կողմ քվեարկեք։ Չգիտեք՝ գալու եք կողմ քվեարկեք, որ գնանք հանրաքվեի. ոնց ասեն, այդպես էլ կանեք։ Ավելին ասեմ՝ ես գիտեմ, թե Ձեզ ասողներին ով է ասում ու ինչ են ասում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, որը, այո, ունի որոշակի դիրքավորում և միջազգային, աշխարհաքաղաքական ուղերձ։ Այս մասին տաս անգամ ասել ենք. ի՞նչն այստեղ պարզ չէ։ 1000 անգամ էլ ասել ենք, որ մեր առաջ այդպիսի պահանջ դրված չէ։ Մյուս կողմում՝ ում հետ մենք պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ասել է՝ «ժողովուրդ ջան, պրոբլեմ չկա, եկեք առևտուր անենք, համագործակցություն անենք, անենք, այն անենք։ Ստորագրե՞լ եք ուզում՝ կներեք, չէ, այն մեկը կլինի, նոր կստորագրենք»։ Սա պահանջ է՞. սա ո՞նց բացատրենք։ Ի՞նչ անեմ, ժողովուրդ, ի՞նչ ասեմ այս մարդուն։
Պարո՛ն Դավթյան, ոնց որ քիչ-քիչ սկսում ենք իրար հասկանալ։ Այ, ես հենց հիմա մի ընդհանրության եզր գտա. կարող ե՞նք փորձել սրա վրա կառուցել՝ ուրեմն ֆիքսեցինք՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Ասե՞ց, չէ՞, մարդը։ Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, էլ մնացածը կապիկություն է»,- ասել է Միրզոյանը։