Փետրվարի 13-ից Երևանում փոսալցման աշխատանքներ են մեկնարկել։ Փետրվարի 16 գործակարգավարական նիստին հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։ Ըստ Թևոսյանի՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում կտրվել է շուրջ 4500 քառակուսի մետր տարածք, որից 2100 քառակուսի մետրն արդեն իսկ ասֆալտապատվել է: Բացի այդ, ավելի քան 1000 փոսերի տրվել են հրատապ տեղային լուծումներ:
Ձնհալից հետո մայրաքաղաքի փողոցներում բազմաթիվ փոսեր են առաջացել, որոնք ոչ միայն մեքենաների վնասման, այլև՝ խցանումների պատճառ են դարձել։
«Շինբարեկարգման վարչության վերահսկողության տակ գտնվող փողոցների ահազանգը 300-ը մի քիչ ավելին է եղել»,- ասաց Թևանյանը։
Վարորդների ահազանգերից օրեր անց՝ փետրվարի 13-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյբուքյան իր էջում գրեց, որ գիտեն, որ Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա քաղաքացիներին անհարմարություն է պատճառում։
Այսօր Ավինյանը քաղաքային գերատեսչություններին հրահանգեց տրամադրել փոսալցման աշխատանքների վերաբերյալ ամենօրյա տեսալուսանկարահանված հաշվետվություններ՝ շեշտը դնելով վտանգավոր հատվածների առաջնահերթության վրա:
Քաղաքապետը հատուկ անդրադարձավ Շիրակի փողոցի վիճակին՝ որի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաները իրար հակասող իրավիճակ ներկայացրեցին: Մի պատասխանատուն հայտնեց, որ Շիրակի փողոցում արվել է հրատապ լուծման աշխատանքներ, մյուս պաշտոնյան ասաց, որ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։
«Ես ձեզ դա երեք-չորս օր առաջ եմ ասել… իմաստը որն է իմ ասելու, եթե մինչև փոսալցումը հասնի, այդ ռիսկային հատվածներում աշխատանք չի արվում», – նշեց քաղաքապետը։
Ի պատասխան՝ պաշտոնյան պարզաբանեց, որ թեև Շիրակի փողոցում մեծ փոսերի մասով աշխատանքներ դեռ չեն կատարվել, նախկինում արված փորձերը ձախողվել են եղանակային պայմանների պատճառով.
«Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց անձրևը լվացել, մեքենաների հետ տարել է»:
The post Ավինյանը փոսալցման ամենօրյա տեսալուսանկարներ և հաշվետվություն է պահանջում appeared first on CIVILNET.