Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին

Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Յուստ Ֆլամանդի գլխավորությամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության արդյունավետ իրականացումը: Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման, գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները, այդ թվում՝ նիդերլանդական առաջադեմ տեխնոլոգիաների՝ Հայաստանում ներդման ընդլայնումը:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին: Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ԵՄ հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ զարգացումներին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment