Բաքուն նոր լծակնե՞ր է փնտրում Հայաստանի տարածքում. ի՞նչ է կատարվում TRIPP-ի շուրջ

Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող TRIPP նախագծի 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արդյո՞ք սա ընդամենը տեխնիկական համագործակցության հարց է, թե՞ Ադրբեջանը փորձում է իրեն վերապահել որոշումներ կայացնելու դեր Հայաստանի տարածքում։ Քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանի գնահատմամբ՝ սա հերթական վկայությունն է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը փորձում է Հայաստանին ներառել իր ազդեցության գոտում։

 

«Իհարկե, սա հերթական վկայությունն է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամեն գնով և բավականին հաջողությամբ կարողանում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության ոլորտ։ Հայաստանի կառավարությունը, հասկանալով այդ ամենը, գնում է այդ ճանապարհով։ TRIPP նախագիծը հանրությանը ներկայացվում է որպես Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ համագործակցության նախագիծ։ Բայց մենք հասկանում ենք, որ այլևս Միացյալ Նահանգները, եթե նույնիսկ ազդեցություն ունենա, ապա հիմնականում տնտեսական շահերի տեսանկյունից, ոչ թե աշխարհաքաղաքական շահերից ելնելով»,- նշեց Վանեսքեհյանը MediaHub-ի հետ զրույցում։

 

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ տեխնիկական հարցերի շուրջ աշխատանքները դեռևս մեկնարկային փուլում են, մինչդեռ Ադրբեջանն արդեն խոսում է պարամետրերի համաձայնեցման անհրաժեշտության մասին։

 

«Եթե խոսում ենք տեխնիկական հարցերի մասին, ապա դեռևս որևէ աշխատանք չի իրականացվել, հանձնաժողովները նոր են ձևավորվում, քննարկումները նոր-նոր են սկսվում, բայց Ադրբեջանն արդեն բարձրաձայնում է, որ տեխնիկական հսկողության հարցերը պետք է համաձայնեցվեն իր հետ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է դեռևս նախագծի իրականացման սկզբնական փուլում իր համար ազդեցության և վերահսկողության որոշակի լծակներ ապահովել»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

 

Արդյո՞ք տեխնիկական աշխատանքային խումբը կարող է նաև լրացուցիչ գործիք դառնալ Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ նախագծի իրականացման ընթացքում հիմնական վտանգը կարող է լինել ոչ միայն ենթակառուցվածքների կառուցումը, այլև դրանց նկատմամբ վերահսկողության հարցը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Վանեսքեհյանը կասկած է հայտնում, որ Վաշինգտոնը տարածաշրջանում կունենա բավարար աշխարհաքաղաքական ներգրավվածություն՝ հակակշռելու թուրք-ադրբեջանական ազդեցությունը։

 

«Եթե TRIPP նախագիծը Միացյալ Նահանգներին ֆինանսական և տնտեսական առումով որոշակի օգուտներ կարող է բերել, ապա աշխարհաքաղաքական տեսանկյունից Վաշինգտոնը, իմ կարծիքով, այդ տարածաշրջանում ակտիվ ներգրավվածության մեծ ցանկություն չունի, իսկ Եվրամիության հնարավորություններն էլ սահմանափակված են, ապա առաջանում է վտանգ, որ այս նախագիծը կարող է ի վերջո իրականացվել հենց Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ազդեցության ներքո»,- եզրափակեց իր խոսքը քաղաքական վերլուծաբանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment