Մենք ենք տեսել՝ ինչպես էին մեր բարեկամները, ամուսինները մասնակից լինում 44-օրյային, դրա համար էլ լավ գիտենք խաղաղության արժեքը․ Անահիտ Ավանեսյան

Մենք ենք տեսել՝ ինչպես էին մեր բարեկամները, ամուսինները մասնակից լինում 44-օրյային, դրա համար էլ լավ գիտենք խաղաղության արժեքը․ Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 Երեսպաշտության ինչ աստիճան է, երբ որ ինչ-որ մի քաղաքական գործիչ, որի առաջնորդը 2018 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնում կանգնած հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները գտնվում են փակուղում և փաստացի պատերազմը անխուսափելի է, և այդ քաղաքական գործիչը գալիս այստեղից հայտարարում է, որ մեզ է հանձնված եղել խաղաղ երկիր: Այսպիսի հարցադրում ԱԺ-ում կատարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ հարց ուղղելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Երբ որ մեզ վերագրեն երեք պատերազմ, իրենց շրջանին վերագրեն խաղաղություն, այնինչ այդ ժամանակաշրջանում եղել է ապրիլյան պատերազմ: Էդ որ կոնտեքստով է, որ ապրիլյանը պատերազմ չէ, իսկ 2022 թվինը պատերազմ է»,-ասաց Ալեքսանյանը:

Ի պատասխան Առողջապահության նախարարը հարցրեց, թե արդյո՞ք նշյալ անձինք իրենց տներում զգում էին այդ պատերազմը:

«Իրենց ու իրենց բարեկամների երեխաները ռազմաճակատո՞ւմ էին, ծառայո՞ւմ էին: Չէին ծառայում: Դրա համար իրենց տներում երևի խաղաղություն էր: Մենք այլ իրականություն ենք տեսել: Մենք ենք չէ տեսել կոռուպցիան հենց նույն առողջապահության ոլորտում, թե ինչպես էին պետական բժշկական կենտրոնները հասցվում սնանկության, հետո նվիրվում կոպեկների դիմաց: Մենք ենք տեսել ինչպես էին պատերազմի օրերին մեր բարեկամները, մեր ամուսինները մասնակից լինում 44-օրյային, դրանից հետո, կորցրել ենք մեր հարազատներին, դրա համար էլ լավ գիտենք խաղաղության արժեքը։ Երեսպաշտությունը ցավոք սահման չունի»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև նշեց, որ ժողովուրդը ամեն ինչ տեսնում է, հասկանում է և գիտակցում, որ ընդդիմադիր ուժերը խաղաղություն իրականում չեն ուզում:

Վահագն Ալեքսանյանը անհասկանալի համարեց այն գործընկերներին, որոնք բանակում չեն ծառայել առողջական խնդիրների հիմքերով և հետագայում քրեական գործերի շրջանակներում հրաժարվում են համապատասխան փորձաքննություն անցնելուց։

Առողջապահության նախարարը շարունակելով արձագանքել, ասաց, որ իրենք խաղաղության են ձգտում, բայց չեն խուսափում բանակում ծառայելուց, ազնիվ աշխատում են, որ առողջապահական համակարգը, բանակը կայանա, դպրոցները, հիվանդանոցները, ճանապարհները կառուցվեն։ «Միշտ էլ կարելի է կենաց ասել և անել լրիվ հակառակը»,-ասաց նա։

 

Leave a comment