«Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են հատկապես լրագրողների և լրատվամիջոցների համար». հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Նոյեմբերի 16-ին պաշտոնական e-draft.am կայքում հրապարակվել է Արդարադատության նախարարության մշակած՝ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերանայվում են մասնավորապես 1087․1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի ու զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը։ Ըստ այդմ՝ բացի արդեն իսկ սահմանված հատուցման վերին շեմից (վիրավորանքի համար 3 մլն դրամ, զրպարտության համար 6 մլն), այժմ նախատեսվում է նաև նվազագույն շեմ, համապատասխանաբար՝ 1 և 2 մլն դրամի չափով։ Այսինքն՝ նման դատական հայցեր ներկայացնելիս հայցվորները չեն կարող պահանջել, իսկ դատարանները իրավունք չեն ունենա սահմանել նշված ստորին շեմից ցածր փոխհատուցման գումար։

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են հատկապես լրագրողների և լրատվամիջոցների համար, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է նախևառաջ լրատվական գործունեություն իրականացնողների պատասխանատվությանը։

Հրապարակված նախագիծը փաստորեն ի չիք է դարձնում վերջին տարիներին արձանագրված այն դրական պրակտիկան, երբ դատարանները զրպարտության և վիրավորանքի գործերով դրամական փոխհատուցման հարցը քննելիս ոչ միայն մերժում էին առավելագույն 3 կամ 6 միլիոն դրամի պահանջները, այլև սահմանում էին տասնյակ անգամներով ցածր գումար։ Սա լիովին համապատասխանում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ 997 որոշման այն կարևորագույն սկզբունքին, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։

Ուշագրավ է, որ ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական գործերի բազմամյա դիտարկումների տվյալների համաձայն, երբ դատարանները վիրավորանքի կամ զրպարտության համար որպես փոխհատուցում սահմանում են, օրինակ, 200-300 հազար դրամ, հայցվորները, որպես կանոն, չեն բողոքարկում վճիռների այդ մասը։ Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչու է պետությունը միջամտում մի հարցի, որը դրա կարիքը չունի, և փոխհատուցման ինստիտուտին հաղորդում քրեական իրավունքին բնորոշ պատասխանատվության տարրեր։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս խնդրին անդրադառնալիս առիթներ ենք ունեցել հայտարարելու, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, և հիմա էլ վերահաստատում ենք տվյալ դիրքորոշումը։ Սակայն մենք վճռականորեն դեմ ենք, որ վիրավորանքի և զրպարտության առնչությամբ իշխանությունների կողմից կիրառվող պատասխանատվության մեխանիզմները սպառնալիք դառնան արտահայտվելու ազատության և լրատվամիջոցների քննադատական խոսքի համար։

Ըստ պաշտոնական հիմնավորման՝ փոփոխությունների նպատակը անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության հզորացումն է, իսկ գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում պատճառված վնասի ծանրությանը համապատասխան փոխհատուցում։ Սակայն նախագծի հեղինակները հավանաբար չեն փորձել խնդրին նայել հակառակ տեսանկյունից․ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները և այլ հայտնի անձինք նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն են ընկալում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դիմում են դատարան՝ լրատվամիջոցին «պատժելու» համար։ Ընդ որում, այդ մտադրությունն իրականություն է դառնում անկախ դատական համակարգի ձևավորված չլինելու և որոշ դատավորների՝ քաղաքական ենթատեքստ ունեցող վճիռներ կայացնելու պայմաններում։ Ըստ էության, այս նախագիծը խրախուսում է այդ արատավոր պրակտիկան։
Ճիշտ է, փաստաթղթի հեղինակները նշում են, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է ինքնաբերաբար հանգեցնի դրամական փոխհատուցման, սակայն սա միայն բարի ցանկություն է, և չկա որևէ երաշխիք, որ փոփոխությունները մամուլին ֆինանսապես ճնշելու օրինական գործիք չեն դառնա։

Ելնելով վերոգրյալից՝ Արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

  • Հետ կանչել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու տվյալ նախագիծը և նախաձեռնել մասնագիտական բաց քննարկումներ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ այդ փաստաթղթի գաղափարի հիմնավորվածության և վիրավորանքի ու զրպարտության համար պատասխանատվության խստացման անհրաժեշտության վերաբերյալ։
  • Զուգահեռաբար նախագիծն ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ՝ փորձաքննություն իրականացնելու և եվրոպական նորմերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment