«Այս ֆիլմը հրաշալի հնարավորություն է հետադարձ հայացք գցելու մեզ թողած հարուստ ժառանգությանը և միաժամանակ արձանագրելու այն բարձր նշաձողը, որին այսօր հասել է նվագախումբը». Էդուարդ Թոփչյան

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ նոյեմբերի 17-ին, կայացավ «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմը նվիրված է մեր երկրի առաջին և գլխավոր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։

Նվագախումբ, որը ոչ միայն դիմակայել է մեր պետությանը բաժին հասած փոթորիկներին, այլև մշտապես զարգացել է՝ հասնելով միջազգային բարձր չափանիշների։

Ֆիլմում կարմիր թելով անցնում է նվագախմբի պատմությունը, որը ներկայացնում է վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նվագախմբի հետ իրենց համագործակցության փորձով են կիսվում աշխարհահռչակ մենակատարներն ու դիրիժորները՝ Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Մարկ Ալբրեխտը, Ավգուստին Հադելիխը, Սերգեյ Խաչատրյանը և այլք։ Սա յուրօրինակ ֆիլմ-այցեքարտ է, որտեղ հիմնական շեշտը դրված է ներկայիս նվագախմբի վրա՝ ներկայացնելով, թե ինչ նվաճումների է այն հասել մեկ դար անց և ինչ առանցքային դերակատարում ունի Հայաստանի մշակութային կյանքում ու միջազգային հեղինակավոր հարթակներում։

Ֆիլմն առանձնանում է դինամիկ, ժամանակակից օպերատորական և մոնտաժային գեղարվեստական լուծումներով։

Անդրադառնալով ֆիլմի ստեղծմանն ու նվագախմբի հոբելյանական ուղուն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը պարզապես հոբելյանական տարեթիվ չէ, սա մեր ազգային ինքնության, մշակութային դիմադրողականության և անսպառ նվիրումի տարեգրությունն է։ Այս ֆիլմը հրաշալի հնարավորություն է հետադարձ հայացք գցելու մեզ թողած հարուստ ժառանգությանը և միաժամանակ արձանագրելու այն բարձր նշաձողը, որին այսօր հասել է նվագախումբը։ Ուրախ եմ, որ մեր հանդիսատեսն ու միջազգային գործընկերները կտեսնեն էներգիայով լեցուն, յուրօրինակ, հարուստ ու ջերմ հնչողությամբ, մշտապես դեպի ապագա միտված մի նվագախմբի, որն արժանիորեն ներկայացնում է Հայաստանը համաշխարհային բեմերում»։

 

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի ստեղծագործական աշխատանքը հիմնված է սցենարիստ, երաժշտագետ, լրագրող Ռուզաննա Մկրտչյանի և բեմադրող օպերատոր, ռեժիսոր, միջազգային մրցանակների արժանացած, հարյուրավոր հայկական և արտասահմանյան ֆիլմերի (այդ թվում՝ մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի) բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ստեղծագործական տանդեմի վրա։ Վերջին շրջանում նրանց համագործակցության արդյունքում ստեղծվել են նաև մի շարք նշանավոր հայ երաժիշտների վավերագրական ֆիլմ-դիմանկարներ։

Ֆիլմի ռեժիսոր և բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը նշեց. «Այս ֆիլմն ինձ համար կարևորվում է նրանով, որ թեև այն դոկումենտալ է, բայց խնդիր եմ դրել իմ առջև ստանալ գեղարվեստական արժեք ներկայացնող ֆիլմ։ Փորձ է արվել համադրել նվագախմբի բարձր մակարդակի կատարողական վարպետությունը մեր հայրենիքի հիասքանչ բնության հետ, որտեղից ծնունդ են առել նվագախմբի երաժիշտներն ու հայ երաժշտարվեստը, ինչպես նաև Երևան քաղաքի մթնոլորտի հետ, որտեղ մեկ դար առաջ ծնվեց և իր զարգացումն ապրեց նվագախումբը։ Ինչքանո՞վ է դա հաջողվել, կդատի հանդիսատես-ունկնդիրը»։

Սցենարի հեղինակ Ռուզաննա Մկրտչյանի խոսքով՝ այս ֆիլմը միայն նվագախմբի անցած մեկդարյա պատմության վավերագրումը չէ. «Սա, թերևս, նվագախմբի յուրօրինակ այցեքարտն է, որտեղ մեր ազգային արժեքը հանդիսացող կոլեկտիվի մասին իրենց անկեղծ հիացմունքն ու բարձր գնահատականն են արտահայտում համաշխարհային երաժշտարվեստի լեգենդները՝ նվագախմբի հետ ելույթ ունեցած հանրահայտ մենակատարներն ու դիրիժորները»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment