Պենտագոնին հրատապ անհրաժեշտ են «Պատրիոտ» հրթիռներ, բայց խնդիր կա․ WSJ

Միացյալ Նահանգները բախվում է ածխածնացված ռայոնի (արհեստական ​​մետաքսի) պակասուրդի․ այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։

Այս նյութն անհրաժեշտ է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռ-ինտերցեպտորների արտադրության մեջ, Ածխածնացված ռայոնե գործվածքն օգտագործվում է հրթիռային շարժիչների փողակների (սոպլոների) համար ջերմակայուն ներդիրներ պատրաստելու նպատակով։

Այս նյութի արտադրությունը կախված է մատակարարման բարդ շղթայից։ Ռայոնե մանրաթելերն արտադրվում են Չեխիայում, այնուհետև տեղափոխվում Ֆրանսիա, որտեղ դրանցից գործվածք է հյուսվում։ Այնուհետև ArianeGroup-ը ենթարկում է այդ գործվածքը հատուկ ջերմային մշակման՝ նախքան այն ամերիկյան «Park Aerospace» ընկերությանը փոխանցելը։ «Park Aerospace»-ն իր հերթին նյութը հագեցնում է խեժով և մատակարարում L3Harris-ին՝ հրթիռային շարժիչներ արտադրող ընկերությանը։

Ինչպես նշում է պարբերականը, հիմնական խնդիրը ArianeGroup-ի արտադրական հզորությունների սահմանափակ լինելն է։ Ariane-ի համար իր ընթացիկ արտադրանքի զգալի մասը դեպի ԱՄՆ ուղղելը կնշանակի կրճատել մատակարարումները առաջնահերթ համարվող տեղական պատվիրատուներին, այդ թվում՝ Ֆրանսիայի զինված ուժերին։

Ինչպես գրել է WSJ-ը, մատակարարման հաստատված շղթաների վերակառուցումը կպահանջի հարյուրավոր ենթակապալառուների մոտ արտադրական հզորությունների միաժամանակյա ընդլայնում, ներառյալ՝ նոր արտադրական օբյեկտների կառուցում։ Պաշտպանական արդյունաբերության ոլորտի մի ղեկավարի խոսքով՝ զինամթերքի արտադրության կտրուկ աճ ապահովելու համար անհրաժեշտ կլիներ համապատասխան արդյունաբերական ծրագրերը մեկնարկել առնվազն հինգ տարի առաջ։

Մատակարարումներն ավելացնելու նպատակով «Park Aerospace»-ը՝ ArianeGroup-ի հատուկ ռայոնե գործվածքների հյուսիսամերիկյան դիստրիբյուտորը, 5 միլիոն դոլարի կանխավճար է տրամադրել ArianeGroup-ին՝ Ֆրանսիայում նոր արտադրական գիծ ստեղծելու համար։ Թեև ակնկալվում է, որ այդ գիծը կսկսի գործել 2028 թվականին, WSJ-ը նշել է, որ նույնիսկ այդ լրացուցիչ արտադրանքը բավարար չի լինի ԱՄՆ-ի պահանջարկը լիովին բավարարելու համար։

Բացի այդ, «Park Aerospace»-ը պարտավորվել է ևս 25 միլիոն դոլար հատկացնել ԱՄՆ տարածքում ArianeGroup-ի օբյեկտի կառուցման համար։ Եթե այս ծրագրերն իրականություն դառնան, ապա ակնկալվում է, որ գործարանը կսկսի գործել մոտավորապես 2030 թվականին։ Սակայն, ըստ գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Շորի, «ոչ ոք չի ցանկանում սպասել երեք ու կես տարի»։

Leave a comment