Երևանի հիմնական դպրոցներից մեկում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասաժամերը տրամադրվել են օրենքով սահմանված մասնագիտական որակավորում չունեցող անձի։ Դպրոցում բացակայել է նաև կենսաբանության լաբորատորիան, թափուր են եղել կենսաբանության լաբորանտի և հոգեբանի հաստիքները։ Ստուգումն իրականացվել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության ներկայացուցչի ահազանգի հիման վրա։ Միաժամանակ, մասնագիտական հետազոտությամբ դպրոցում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի և ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշումների վերաբերյալ պնդումները չեն հաստատվել։ Դպրոցի ղեկավարությանը հանձնարարվել է վերացնել արձանագրված խախտումները։
Կրթության տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչական վարույթը հարուցվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության ներկայացուցչի ահազանգի հիման վրա, ըստ որի՝ Երևանի N հիմնական դպրոցում տիրում է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, և աշխատում են անձինք, որոնք չունեն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում։
ՀՀ կրթության տեսչական մարմինը հրավիրել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի, ում կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ դպրոցի մանկավարժական կոլեկտիվում տիրում է առողջ, կայուն և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարոյահոգեբանական մթնոլորտ (մասնակիցների 92,5 %-ը գնահատել է բարձր)։ Ղեկավար անձնակազմի կողմից բուլինգի կամ ճնշումների որևէ դրսևորում աշխատակիցների նկատմամբ չի արձանագրվել. ղեկավարման ոճը բնութագրվում է որպես ժողովրդավարական և աջակցող։ Բողոքները հիմնականում անձնական բնույթի են և կապված են որոշ առանձին աշխատակիցների ներքին տարաձայնությունների հետ։
Վարչական վարույթի ընթացքում Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրվել են հետևյալ խախտումները.
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի թափուր դասաժամերը տրվել են բարձրագույն մանկավարժական կրթություն չունեցող անձի (ավարտել է Սևանի պետական քոլեջը՝ տեխնիկ-ծրագրավորողի որակավորմամբ), ինչը հակասում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին։
Դպրոցին հատկացված լաբորանտի 3 հաստիքից համալրված է միայն 1,5-ը (քիմիայի և ֆիզիկայի գծով), իսկ կենսաբանության լաբորանտի հաստիքը թափուր է, կենսաբանության լաբորատորիա գոյություն չունի, ինչը խախտում է ՀՀ կառավարության N 216-Ն որոշման պահանջները։
Սահմանված կարգով չի համալրվել նաև հոգեբանի 0,5 հաստիքային միավորը։
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի կողմից դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է վերացնել արձանագրված խախտումները.
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասավանդումը համապատասխանեցնել օրենսդրությանը։
Օրենքի պահանջներին համապատասխան՝ համալրել հոգեբանի և կենսաբանության լաբորանտի թափուր հաստիքները։
Ապահովել կենսաբանության լաբորատորիայի բնականոն գործունեությունը։
Շարունակել հոգեբանի աշխատանքները՝ տարեկան պլանին համապատասխան, և սերտորեն համագործակցել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ։