ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ գերատեսչության քաղաքականության առաջնահերթություններից են անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն ուղղված է երեխաների սեռական անձեռնմխելիության պաշտպանության ուժեղացմանը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ գերատեսչության քաղաքականության առաջնահերթություններից են անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) և 201-րդ (անառակաբարո արարք կատարելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից՝ տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով։
«Հաշվի առնելով, որ այս հանցագործություններից տուժում են 16 տարին չլրացած երեխաները, որոնք ունեն առանձնապես անպաշտպան կարգավիճակ և մշտապես գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո՝ առաջարկվում է արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխայի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ», – ասել է Մկրտչյանը։
Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունը բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի համար անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության երաշխավորումը պետության բացարձակ առաջնահերթությունն է։
Նախագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար։