Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը պատրաստվում են նոյեմբերի 19-չինական Շենժենում անցկացնել իրենց առաջին եռակողմ հանդիպումը, Եվրոպայում մտավախություններ կան, որ այն կարող է վերածվել «ժամանակակից Յալթայի»՝ նկատի ունենալով 1945 թվականի խորհրդաժողովը, որի ընթացքում դաշնակից տերությունները որոշեցին հետպատերազմյան Եվրոպայի կառուցվածքը։
«Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» (Center for a New American Security) գործադիր տնօրեն Ռիչարդ Ֆոնտեյնը, սակայն, խորհուրդ է տալիս չշտապել։
«Սա հերթական Յալթան չէ։ Սա այն դեպքը չէ, երբ «մեծ եռյակը» հավաքվում է աշխարհի քարտեզի շուրջ, բաժանում ազդեցության գոտիները և ասում՝ «սա քեզ կհասնի»։ Նախ՝ մենք այլևս այդպիսի աշխարհում չենք ապրում։ Երկրորդ՝ եթե նույնիսկ այս երեքը ցանկանային, երբեք չէին կարողանա համաձայնության գալ՝ ինչպես բաժանել աշխարհը։ Եվ երրորդ՝ ներկայիս երկրներն ու տարածաշրջանները, ի տարբերություն Յալթայի ժամանակաշրջանի, պարտված, ներխուժման ենթարկված կամ օկուպացված պետություններ չեն։ Սրանք լիարժեք երկրներ են՝ իրական ինքնիշխանությամբ, գործող կառավարություններով և որոշումներ կայացնելու իրական լիազորություններով»,- շեշտում է Ֆոնտեյնը։
Գագաթնաժողովը, որն ի սկզբանե առաջարկվել էր Պուտինի կողմից՝ որպես Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր տեսլականը քննարկելու հարթակ (ընդ որում՝ առանց Ուկրաինայի մասնակցության), դեռևս հստակ օրակարգ չունի։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր է քննարկել միջուկային զենքի չտարածման հարցը, մինչդեռ Չինաստանը հայտնել է, որ շահագրգռված չէ այդ թեմայի քննարկման հարցում։
Independence Avenue Media-ին տված ընդարձակ հարցազրույցում Ռիչարդ Ֆոնտեյնը նշել է նաև՝ քանի որ Կոնգրեսի երկու պալատներն էլ անցնում են դեմոկրատների վերահսկողության տակ, իսկ խոշոր օրենսդրական նախաձեռնությունների հեռանկարները մշուշոտ են, Թրամփը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ ուշադրություն կդարձնի արտաքին քաղաքականությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից