Հայաստանը նպատակ չունի Եվրասիական տնտեսական միությունը փոխարինելու Եվրամիությամբ, այլ ձգտում է ավելացնել հայկական ապրանքների արտահանումը երկու շուկաներ էլ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխենք ԵՄ-ով։ Մենք ուզում ենք` ԵՄ-ում ավելի շատ վաճառենք, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառենք։ Ես այդտեղ հակասություն չեմ տեսնում»,– մանրամասնել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:
Պապոյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։
«Ես թիրախ ունեմ, որ հաջորդ տարի մենք ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵՄ, ավելի շատ՝ ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրներ, Չինաստան, ամենուր։ Երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել»,– նշեց նա։
Անդրադառնալով արտահանման ներկայիս ցուցանիշներին՝ Պապոյանը հայտնել է, որ այս տարի ԵՄ ուղղությամբ արտահանումն էապես աճել է, մինչդեռ ԵԱՏՄ շուկայում որոշ ապրանքատեսակների մասով նվազում է արձանագրվել։ Նրա խոսքով՝ վերարտահանման ցուցանիշները բացառելու դեպքում իրավիճակն այնքան էլ վատ չէ։
Նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն միայն ռուսական շուկան չէ, և միության կազմում է նաև Ղազախստանը։ Միաժամանակ նա ընդունեց, որ որոշ դեպքերում տարանցման հետ կապված խնդիրներ կան։
«Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այսպես շարունակ։ Որտեղ կստացվի, որտեղ չի ստացվի՝ կյանքը ցույց կտա»,– ասել է Պապոյանը։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես ընդգծել են Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՀ ՀՆԱ-ի մոտ 14% կորստի: