ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկում մասնակցել է Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին, որը համախմբել էր կին առաջնորդների ամբողջ աշխարհից։
«Միասին՝ հանուն ուժեղ համայնքի» խորագրով ֆորումի առանցքում կանանց առաջնորդությունը, համատեղ պատասխանատվությունն ու համագործակցությունն էին՝ ի նպաստ առավել հավասար և ներառական հասարակությունների ձևավորման։
Իր ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության ապահովման և բռնության կանխարգելման ուղղությամբ կառավարությունների անելիքներին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և ընդգծելով արդյունավետ պաշտպանական մեխանիզմների, ինստիտուցիոնալ հաշվետվողականության, բռնությունը հանդուրժող հասարակական պատկերացումների փոփոխության և գենդերային հավասարության ապահովման կարևորությունը։
«Հարգելի՛ գործընկերներ,
Գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության մեխանիզմներն ամրապնդելու և բռնությանն արձագանքելուց դեպի դրա կանխարգելում անցնելու համար կառավարությունները պետք է գործեն երեք հիմնական ուղղությամբ։
Առաջին՝ պետք է ապահովենք, որ բռնության յուրաքանչյուր դեպք ունենա համապատասխան հետևանքներ՝ արդյունավետ օրենսդրության, հաշվետու և պատասխանատու կառույցների ու գործնականում արդյունավետ պաշտպանության մեխանիզմների միջոցով։
Երկրորդ՝ պետք է ապահովենք բռնության ռիսկերի վաղ հայտնաբերումն ու ժամանակին արձագանքումը՝ տուժած անձանց արդյունավետ պաշտպանության և բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումների միջոցով՝ կանխելով բռնության կրկնությունը։
Եվ երրորդ՝ թերևս ամենակարևորը, պետք է պայքարենք բռնության խորքային պատճառների դեմ՝ գենդերային անհավասարության, կանանց և տղամարդկանց միջև ուժերի անհավասար հարաբերակցության և բռնությունը բնականոն համարող կամ արդարացնող հասարակական պատկերացումների։
Այս երեք առաջնահերթությունները փոխկապակցված են և պետք է իրականացվեն համատեղ։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի ոչ միայն բռնությանն առավել արդյունավետ արձագանքելը, այլև այնպիսի հասարակության ձևավորումը, որտեղ բռնության առաջացման հավանականությունը հնարավորինս նվազեցված կլինի։
Չի կարող լինել իրական հավասարություն այնտեղ, որտեղ վախն է պայմանավորում կանանց որոշումներն ու ընտրությունը։
Գենդերային հիմքով բռնությունը պարզապես առանձին հանցավոր արարքների ամբողջություն չէ։ Այն նաև խորապես արմատավորված անհավասարության և հասարակական պատկերացումների դրսևորում է, որոնք սերունդներ շարունակ նպաստել են բռնության հանդուրժմանը։
Եվ թեև բռնությունը կարող է տեղի ունենալ փակ դռների հետևում, դրա կանխարգելումը հանրային պատասխանատվություն է։
Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ ուզում եմ ընդգծել, որ բռնության համար պատասխանատվության ապահովումն ու դրա կանխարգելումը ոչ թե միմյանցից անկախ, այլ փոխլրացնող նպատակներ են։
2017 թվականին ընդունված՝ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված առաջին համապարփակ օրենքով սահմանվել են պաշտպանության մեխանիզմներ և հիմք է դրվել կանանց կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցության կենտրոնների ու ապաստարանների ստեղծմանը։
Սակայն օրենքի ընդունումը դեռևս չի նշանակում իրականության փոփոխություն։
Արդյունավետ պատասխանատվության մեխանիզմներ ունենալու համար անհրաժեշտ են կառույցներ, որոնք ունակ են ճանաչելու բռնության դրսևորումները, գնահատելու ռիսկերը և գործելու ժամանակին՝ կանխելով հետագա վնասը։
Այս նպատակով Հայաստանում իրականացվել են ոստիկանների, քննիչների, դատախազների և դատավորների մասնագիտական վերապատրաստումներ։ Զուգահեռաբար շարունակվում է պատասխանատու կառույցների գործունեության արդյունավետության գնահատումը՝ առկա խնդիրները բացահայտելու և գործելակերպը կատարելագործելու նպատակով։
Պաշտպանության մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ ներկայումս իրականացվում են նաև օրենսդրական բարեփոխումներ։
Մասնավորապես, նախատեսվում է անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հնարավորություն՝ հիմնվելով տուժած անձի ներկայացրած տեղեկությունների վրա՝ առանց ենթադրյալ բռնություն գործադրած անձին նախապես լսելու։ Նախատեսվում է նաև պաշտպանության միջոցների պահպանման նկատմամբ էլեկտրոնային հսկողության ներդրում՝ դրանց արդյունավետ կիրառումն ուոստիկանության ժամանակին միջամտությունն ապահովելու նպատակով։
Պետության պատասխանատվությունը չի ավարտվում պաշտպանական որոշման կայացմամբ։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ այդ պաշտպանությունն իրականում արդյունավետ լինի։
Սակայն եթե ցանկանում ենք բռնությանն արձագանքելուց անցնել դրա կանխարգելմանը, պետք է ավելի հեռուն գնանք։
Առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխության ուղղությամբ։ Հայաստանում 2026 թվականի հունվարից ներդրվել են համապատասխան ծրագրեր, իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է որոշակի դեպքերում դրանց մասնակցությունը դարձնել պարտադիր։
Երկրորդ կարևոր ուղղությունը բռնությանը նպաստող հասարակական պատկերացումների և կարծրատիպերի հաղթահարումն է։
Մենք պետք է ընդունենք նաև մեր հասարակության մասին մի բարդ իրողություն. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընտանեկան բռնությունը դեռևս հաճախ ընկալվում է որպես ընտանիքի ներքին խնդիր, որին այլ անձինք չպետք է միջամտեն։ Շատերը խուսափում են բռնության դեպքերի մասին հաղորդելուց, իսկ ոմանք նույնիսկ բացահայտ հայտարարում են, որ նման իրավիճակներին միջամտելն իրենց պատասխանատվությունը չէ։
Լռության և չմիջամտելու այս մշակույթը վնասակար հասարակական կարծրատիպ է, որի գոյությունն ընդունելու համար պետք է ունենանք համարձակություն, իսկ այն փոխելու համար՝ վճռականություն։
Կատարված համապետական հետազոտության տվյալներով՝ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43,3 տոկոսը որևէ մեկին չի պատմել իր նկատմամբ գործադրված բռնության մասին։
Երբ կինը լռում է բռնության մասին, մենք պետք է հարցնենք ոչ միայն, թե ինչու նա չի բարձրաձայնել իր հետ կատարվածը, այլև՝ արդյոք ստեղծել ենք այնպիսի հասարակություն, որտեղ նա իրեն բավականաչափ ապահով կզգա խոսելու համար։
Հենց այս պատճառով Հայաստանում շարունակաբար ուսումնասիրվում են հանրային ընկալումները և իրականացվում իրազեկման արշավներ՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը, բռնության դեպքերի մասին հաղորդելու խրախուսմանը և անտարբերության փոխարեն միջամտելու ու աջակցելու մշակույթի ձևավորմանը։
Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ նաև հանրային ճանաչում և ազդեցություն ունեցող կանանց ներգրավվածությունն իրազեկման նախաձեռնություններում։ Նրանց ձայնն ու հեղինակությունը կարող են էական դեր ունենալ հասարակության մեջ խորապես արմատավորված պատկերացումների փոփոխության գործում։
Ցանկանում եմ այս կարևոր հարթակում անդրադառնալ նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կարևոր նախաձեռնությանը, որն ուղղված է ընտանեկան բռնության դեմ պայքարին։
Վստահ եմ, որ տիկին Հակոբյանի բարձր հովանու ներքո իրականացվող արշավը կնպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը, կանխարգելմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետության մեծացմանը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը։
Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանում նախատեսվում է ընդունել օրենսդրական փաթեթ։ Եվ իմ՝ Իսլանդիա այցից հետո Ազգային ժողովում կկայանա արդեն փաթեթի երկրորդ ընթերցումը։
Անդրադառնալով գենդերային հավասարության ապահովման ավելի լայն օրակարգին՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել խտրականության դեմ պայքարի վերաբերյալ երկար սպասված օրինագծին։ Միաժամանակ շարունակվում են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանն ուղղված օրենսդրության կատարելագործման աշխատանքները։
Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը պահանջում է պայքարել նաև այն անհավասարության դեմ, որը նպաստում է բռնության շարունակականությանը։
Գենդերային հիմքով բռնության վերացումը չի կարող լինել միայն կանանց պատասխանատվությունը։ Այս փոփոխությունների լիարժեք մասնակիցը պետք է դառնան նաև տղամարդիկ, պետական կառույցներն ու համայնքները։
Որպես քաղաքական առաջնորդներ՝ մեր պատասխանատվությունը ոչ միայն բռնությանն առավել արդյունավետ արձագանքելն է, այլև այնպիսի պայմանների ստեղծումը, որոնցում բռնության առաջացման հավանականությունն էապես կնվազի։
Ի վերջո, մեր հաջողությունը պետք է չափվի ոչ միայն ընդունված օրենքների կամ կայացված պաշտպանական որոշումների թվով, այլև այն կանանց թվով, որոնք այլևս պաշտպանության կարիք չեն ունենա, որովհետև բռնությունը կանխված կլինի։
Որպես առաջնորդներ՝ մեր պատասխանատվությունը ոչ միայն գոյություն ունեցող իրականությանն արձագանքելն է, այլև այնպիսի նոր իրականություն կերտելը, որն արտացոլում է մեր արժեքներն ու ձգտումները:
Ապագայի, որտեղ կանայք ապրում են ապահով, նրանց ձայնը լսելի է, իսկ նրանց նպատակներն ու ձգտումները չեն սահմանափակվում ո՛չ բռնությամբ, ո՛չ վախով»։
ՆԳՆ