Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Վահե Հովհաննիսյան

Վերջին պահանջն ու պատմության ավարտը

Երևի միայն այսօրվա Հայաստանում կարող են լուրջ դեմքով քննարկել, թե ո´րն է Ադրբեջանի «վերջին պահանջը»։ Մնում է՝ իրոք Ադրբեջանին հարցնենք։

Աբսուրդն այն է, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է։ Գործնականում ստանալ մի այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, կլինի թույլ, անհեռանկար ու առանց զարգացման պոտենցիալի մի պետություն։ Սա բոլորը գիտեն, բայց տարբեր պատճառներով ձև են անում, թե չգիտեն։

Որտե՞ղ է ձևավորվում վերջին պահանջը

Որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում։ Որքան թուլացանք, այնքան պահանջները շատանալու են։ Կառուցենք գրագետ քաղաքականություն, ռիսկերը գրագետ քայլերով սարքենք կառավարելի՝ պահանջները սահուն կանգնելու են։

Հայաստանում եղավ առողջ մթնոլորտ՝ պահանջները կանգնելու են։ Հայաստանը պետք է գտնի և առաջարկի մեխանիզմներ, որոնց շնորհիվ Ադրբեջանի նոր պահանջները կդադարեն։ Եվ հակառակը. մենք կարող ենք անել սխալներ, նույնիսկ՝ առանց գիտակցելու կամ այլ լավ մղումներով, կամ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունեցող հարցերում, և ստանալ մի վիճակ, որտեղ Ադրբեջանի պահանջները կավելանան, կսաստկանան։ Մեր քաղաքական և պետական մտքի շրջադարձային պահը սա է՝ գիտակցել, որ Ադրբեջանի վերջին պահանջը ձևավորվում է Հայաստանում։ Հետևաբար՝ անել քայլեր, որոնք կհանգեցնեն Հայաստանի հանդեպ պահանջների դադարեցմանը։

Ադրբեջանը 2021 թ-ին չգիտեր, թե հատկապես ինչպե´ս է ավարտվելու «Արցախի պատմությունը»։ Պրոցեսը բերեց վատագույն տարբերակին, թեև ավարտը կարող էր բոլորովին այլ լինել։

Հիմա էլ մեր այսօրվա պրոցեսի կոնկրետ սցենարը ոչ ոք չգիտի, բայց այդ սցենարն ընթացքի մեջ է։ Իրավիճակը պահանջում է, որ Հայաստանում վերջապես սկսվի լուրջ որոշումների կայացումը։ Բարձր բղավելով չի. պետք է գնալ ներքին համաձայնության ու սկսել լուծումների առարկայական քննարկումը։ Հանրային մթնոլորտը պետք է էապես լրջանա ու էապես քաղաքականացվի, քաղաքական միտք ու քաղաքական բանաձևեր պետք է մտնեն մեր կյանք, քաղաքական դեմքերը, կուսակցությունների նախագահները, գործիչները պետք է բանտերից ազատ արձակվեն, մթնոլորտը պետք է լիցքաթափվի, եկեղեցու վրա հարձակումները պիտի դադարեցվեն, պետք է հնարավորինս հանդարտ մթնոլորտում սկսել բոլոր բարդ հարցերի հաշվարկված, ճիշտ լուծումների մշակումը։ Հիմա առանցքային պահն է՝ Ադրբեջանի պահանջները դադարեցնելու և պատմության այս փուլի վերջաբանը ճիշտ գրելու համար։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment