Քաղաքականություն
18.11.2026 | 10:30
Սլովակիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության, Կրեմլի հետ նրա կապերի, լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության քաղաքականության, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքի խախտումների դեմ, գրում է DW-ն։
Նոյեմբերի 17-ին՝ 1989 թվականի Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության մեկնարկի 37-րդ տարելիցի օրը տեղի ունեցած բողոքի ակցիաներից ամենամարդաշատը կայացել է Բրատիսլավայում՝ Սլովակիայի ազգային ապստամբության հրապարակում։ Ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության տվյալներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 25 հազար մարդ։
Որոշ պաստառների վրա գրված է եղել «Ռուսնե՛ր, տուն գնացեք» և «Ես չեմ ուզում այնպիսի երկիր, որտեղից ստիպված կլինեմ փախչել» կարգախոսները։ AFP գործակալության հետ զրույցում ցուցարարներից ոմանք հայտնել են, որ դժգոհ են Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցից։
Հավաքվածները վանկարկել են «Մենք հոգնել ենք Ֆիցոյից» և պահանջել վարչապետի գլխավորած եռակուսակցական կոալիցիոն կառավարության հրաժարականը։
AFP-ն հիշեցնում է, որ Ֆիցոյի գլխավորած իշխող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը՝ մի շարք պատգամավորների դուրս գալու հետևանքով։ Դրանից հետո ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, սակայն նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ չունի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի