«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնյաների անցած ուղին, նրանց աշխատանքային գործունեությունն ու հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանն է։ Ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել մինչև պաշտոնը ստանձնելը և ինչ ունեցվածք ունի։
Միքայել Օհանյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում։ 1991-2001 թվականներին սովորել է Ա. Արմենակյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2001-2003 թվականներին, ուսումը շարունակել է «ՃՇՀԱՀ» վարժարանում։ 2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերում։ Նույն ժամանակահատվածում՝ 2003-2010 թվականներին, սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Օհանյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է պետական համակարգում։ 2011-2012 թվականներին նա աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում՝ որպես ծրագրավորող։
Ավելի ուշ՝ 2017-2018 թվականներին, եղել է «Նոր կապիտալ» ՍՊԸ-ի հիմնադիր և համասեփականատեր։ 2019 թվականին եղել է «Նեսթ կապիտալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, իսկ 2021 թվականին՝ «Բլեք սիթի» և «Գիմեքս» ՍՊԸ-ների համասեփականատեր։ 2022 թվականի ապրիլին Միքայել Օհանյանը նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար։ Օհանյանը ՔՊ անդամ է
Այսպիսով, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի երկու անշարժ գույք՝ յուրաքանչյուրում 50 տոկոս բաժնեմասով, 2016 թվականի արտադրության LAND ROVER ավտոմեքենա, բանկային հաշիվներում և կանխիկ՝ ընդհանուր 2 միլիոն 596 հազար 69 դրամ, իսկ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմում է ավելի քան 158 միլիոն դրամ»։