Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի քննարկման հիմնական հարցը լինելու է Հայկական երկաթուղին. Արթուր Սաքունց. «Ա1+»

«Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի քննարկման հիմնական հարցը լինելու է Հայկական երկաթուղին։ Միանշանակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումներին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին այցելելու է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։

Արթուր Սաքունցը համոզված է, որ Փաշինյանի ու Պուտինի քննարկման հիմնական առարկան լինելու է Հայկական երկաթուղին։ Ի դեպ, այսօր Երևանում տեղի է ունեցել Հայկական երկաթուղու հարցով ՀՀ-ՌԴ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը։ Եվ իրավապաշտպանը գտնում է, որ հենց այդ խնդիրն է պատճառը, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ժողովրդավարության հետընթացի մասին լսումներ են կազմակերպել և նախագիծ ներկայացրել Ազգային ժողով։

«Ընդդիմության նպատակն է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական զարգացման հնարավորությունները սահմանափակելը։ Դրա թիրախը ԵՄ-ի հետ համագործակցությունն է, ԹՐԻՓՓ-ի նախագիծը քացու տակ քցելը կամ դրա նկատմամբ անվստահություն ձևավորելը, որպեսզի ՀՀ-ն նորից խղճուկ մնա ՌԴ-ի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Պուտինի միայն դեկտեմբերյան օրակարգին, Արթուր Սաքունցն ասում է, որ հանդիպումների այդպիսի ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Հայկական երկաթուղու հարցն ուզում են լուծել մինչև տարեվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment