Բանկերը պետք է գիտակցեն, որ արմատապես տարբերվում են «թաղի խուժանից»․ Կարեն Հեքիմյան

Բանկն արմատապես տարբերվում է «թաղի խուժանից»:
Քաղաքացին երբեք ԱՄՆ-ում չի եղել: Նա երբեք չի ունեցել և չունի ԱՄՆ-ի մուտքի վիզա: Սակայն, պարզվում է, որ վերջինս Երևանում նստած ինչ-որ ավտոմեքենա շուրջ 170 ԱՄՆ դոլարի բենզինով է լիցքավորել ԱՄՆ-ում գտնվող Shell բենզալցակայաններից մեկում: Եվ դա Acba bank OJSC-ի քարտից օգտվելու «շնորհիվ»:
Քաղաքացին պարզաբանման համար դիմում է բանկ: Շուրջ մեկ ամիս տևած «քննության» արդյունքում, բանկից քաղաքացուն «պարզաբանել են», որ վերջինիս քարտը ինչ-որ մի ժամանակ կցված է եղել Google-ի հավելվածներից մեկին, հետևաբար` բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Միաժամանակ` բանկից քաղաքացուն հայտնել են, որ բանկը չգիտի Google-ի այդ հավելվածը զեղծարա՞ր է, թե՞ զեղծարար չէ:
Լավ, բա բանկն ի՞նչ գիտի և ինչի՞ համար է պատասխանատու: Տրամաբանորեն` բանկը պետք է պատասխանատվություն կրի իր հաճախորդների ֆինանսների անվտանգության համար: Եթե բանկը չի ցանկանում նույնիսկ տարրական անվտանգության կանոններն ապահովել, ապա մեզ պե՞տք է այդպիսի կառույց:
Տվյալ դեպքում` ի՞նչ է նշանակում չիմանալ, թե Google-ի հավելվածը զեղծարար է, թե զեղծարար չէ: Քաղաքացին բանկին գումար է վստահում: Ուշադիր` ԲԱՆԿԻՆ, այլ ոչ «թաղի խուժանին», քանզի, ի տարբերություն «թաղի խուժանի», բանկը պարտավորություն ունի ապահովել հաճախորդի գումարի անվտանգությունը: Սակայն, տվյալ դեպքում, բանկը ոչինչ չգիտի կայքի հավելվածի զեղծարար լինել-չլինելու մասին կամ ոչինչ չի ձեռնարկում փաստացի իրականացված զեղծարարության դեմ: Ի դեպ, ի տարբերություն բանկի, «թաղի խուժանը» լավ գիտի տարածքի բոլոր «խուժաններին», կներեք, զեղծարարներին:
Մյուս կողմից` լավ, ենթադրենք բանկը չգիտեր, որ Google-ի հավելվածի մասնակցությամբ կարելի է զեղծարարության զոհ դառնալ: Այժմ հո գիտի՞: Նախադեպը կա, չէ՞: Եվ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկն այդքանն իմանալուց հետո: Գրեթե վստահ եմ` որևէ միջոց չի ձեռնարկել, հետևաբար` տասնյակ քաղաքացիներ նույն զեղծարարության զոհ դառնալու համար հերթի մեջ են:
Ինչպե՞ս վարվել:
Կարծում եմ` բանկերը պետք է անընդհատ աշխատեն հաճախորդների հետ և վերջիններիս պարբերաբար ներկայացնեն իրենց գնահատմամբ «կասկածելի» կայքերն ու հավելվածները: Եվ, ամենակարևորը` բանկերը պետք է գիտակցեն, որ արմատապես տարբերվում են «թաղի խուժանից»:
Ի դեպ, շուրջ երկու տարի առաջ Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն գնեց Acba bank-ի 10% բաժնեմասը և դարձավ բաժնետեր: Փաստորեն, ըստ այդմ, զեղծարարության արդյունքում հաճախորդին պատճառված 170 ԱՄՆ դոլարի վնասի 10%-ի` 17 ԱՄՆ դոլարի, պատասխանատուն ֆրանսիական կողմն է:
Նկարում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Acba bank-ի միջոցառումներից մեկում:

Leave a comment