Քաղաքականություն
17.11.2026 | 20:06
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել են այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները։ Անդրադարձ է կատարվել այցի ընթացքում ստորագրված՝ «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագրի», ինչպես նաև Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին համատեղ հռչակագրի դերին՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համատեքստում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը։ Քննարկվել են քաղաքական, տնտեսական, ներդրումային և գործարար ոլորտներում, ավանդական և այլընտրանքային էներգետիկայի, հաղորդակցության, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության հարցեր։
Ընդգծվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի կարևոր ներդրումը։ Նշվել է, որ այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միջին միջանցքի զարգացման գործում Ադրբեջանի կարևոր դերակատարությանը, քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Վաղը Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կայցելի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի