ՄԹ-ն պատժամիջոցներ է սահմանում Իսրայելի դեմ Հորդանանի արևմտյան ափին շինարարության պատճառով

Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Հորդանան գետի արևմտյան ափին հրեական անօրինական բնակավայրերի կառուցման և Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը խոչընդոտելու․ հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Սահմանափակող միջոցները, որոնք ներառում են Միացյալ Թագավորությունում բանկային հաշիվների սառեցումը, կիրառվել են «Ami Gvirtzman Architects 2021» ճարտարապետական ​​ընկերության, ինչպես նաև յոթ կառուցապատող ընկերությունների նկատմամբ՝ «Har Hevron Development Company», «Hemdat Shomron», «S.A.G. (Velvel) Construction and Development», «Lev HaHar Yazamut», «Harey Zahav», «Ariel Residential Judea & Samaria» և «Z.F. Building Company»: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է նաև «Ցավ 9» (Tzav 9) շարժումը, որը խոչընդոտել է Գազա մարդասիրական օգնության հասցմանը։

Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության՝ պատժամիջոցները սահմանվել են «նոր բնակավայրերի կառուցման արագացման» պատճառով։ «Իսրայելի կառավարությունը ոչ միայն չի կասեցրել այս գործընթացը, այլև ակտիվորեն աջակցել և նպաստել է դրան։ Իսրայելի գործող կառավարության պաշտոնավարման չորս տարիների ընթացքում հաստատվել է ավելի շատ բնակավայրերի կառուցում, քան նախորդ 20 տարիների ընթացքում»,- նշել է գերատեսչությունը։

Աս սահմանափակող միջոցները կիրառվել են Հորդանան գետի արևմտյան ափի E-1 տարածքում բնակելի տարածքների կառուցման մրցույթի վերջնաժամկետներին ընդառաջ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այս նախագիծը «վտանգում է կայուն խաղաղության հնարավորությունը թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների համար»։

Ըստ «Խաղաղություն հիմա» իրավապաշտպան կազմակերպության՝ 2025 թվականի օգոստոսին Իսրայելի պլանավորման վարչությունը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակա «Մաալե Ադումիմ» խոշոր բնակավայրի հարևանությամբ՝ E-1 տարածքում 3400 բնակարանային միավոր կառուցելու ծրագրերը։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել էր, որ այս գործողությունների նպատակը «պաղեստինյան պետությունը ջնջելն» է։

Քաղաքական գործիչը, ով Պաշտպանության նախարարության անունից նաև համակարգում է Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի կառուցման գործընթացը, ավելի ուշ հայտարարել է «Մաալե Ադումիմ» բնակավայրային համալիրի ընդլայնման և E-1 տարածքում նոր բնակարանների կառուցման նախագծի վերսկսման մասին։

Leave a comment