Իրանի հետախուզությունը հայտնել է Քուրդիստան նահանգում անջատողականների ծրագրերը խափանելու մասին
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Քուրդիստան նահանգում անջատողական խմբավորումների երկու զինված բջիջների վնասազերծման մասին, հայտնում է Tasnim-ը։
Գործողության ընթացքում ձերբակալվել է ինը մարդ, որոնց գերատեսչությունն ահաբեկիչներ է անվանել։
Ինչպես նշվում է երեքշաբթի հրապարակված՝ նախարարության հայտարարության մեջ, գործողությունն Իրանի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու փորձերը կանխելու շարունակական ջանքերի մի մասն էր։ Այդ փորձերը Թեհրանը կապում է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետ։
Քուրդիստան նահանգում նախարարության տարածաշրջանային վարչության աշխատակիցները տեղի բնակիչների աջակցությամբ պարզել են երկու զինված բջիջների բոլոր ինը անդամների ինքնությունը և ձերբակալել նրանց։
Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալներն անդամակցում էին անջատողական խմբավորման և նահանգում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Նախարարությունը պնդում է, որ նրանց գործունեությունն իրականացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրի շրջանակում։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ձերբակալվածների թվում է եղել ցանցի առանցքային ղեկավարներից մեկը։ Նա գտնվել է Իրանի սահմաններից դուրս և, նախարարության վարկածով, հանձնարարություն է ստացել տարածաշրջանային հետախուզական ծառայության ղեկավարությամբ Քամյարանի շրջանում ստեղծել և գլխավորել զինված ցանց։
Գործողության ընթացքում կասկածյալներից առգրավվել է Կալաշնիկովի 47 ինքնաձիգ, 93 պահունակ, 2700 փամփուշտ և Starlink արբանյակային կապի 70 սարք։