Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Սույն թվականի սեպտեմբերին «Հրաշք այգի» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առթիվ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդման շրջանակներում քննիչը դատարան էր ներկայացրել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Այդ օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ շտապեցին տարածել տեղեկություններ վերջինիս կալանավորման և դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ, մինչդեռ դատարանը, մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը, կիրառել էր տնային կալանք՝ միաժամանակ արձանագրելով, որ հիմնավոր կասկածը հետագա ամրապնդման կարիք ունի։
Այդ ժամանակ, որպես վերջինիս պաշտպան, նպատակահարմար չէի համարել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ՝ նախընտրելով պաշտպանության փաստարկները ներկայացնել բացառապես իրավական հարթությունում։
Այսօր դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, մերժել է քննիչի՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այլևս դատական ակտով արձանագրվեց այն, ինչ ի սկզբանե պնդում էր պաշտպանությունը՝ Գոռ Համբարձումյանը որևէ առնչություն չունի դեպքին։ Պարզապես հերթական անհիմն և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքն էր, որը փորձեցին որոշ շրջանակներ շահարկել, սակայն այդ ամենը շատ կարճ տևեց»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: