Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի

Քաղաքականություն

17.11.2026 | 18:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հարձակում իրականացնի Վաշինգտոնի վրա, շատ մեծ գին կվճարի, գրում է CNN-ը։

«Եթե նման բան տեղի ունենա, նրանք կվճարեն այնպիսի գին, որը նախկինում ոչ մի երկիր չի վճարել»,- լրագրողներին ասել է Թրամփը Մանիլայում։

CNN-ը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության նոր տվյալների համաձայն՝ Իրանը ծրագրեր է մշակում Վաշինգտոնում Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին թիրախավորելու համար, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք պայթեցնելու միջոցով։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ յոթ պաշտոնյաներ։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները շարունակում են քննարկել՝ արդյո՞ք Իրանը կարող է կամ մտադիր է իրականացնել նման ծրագիր։

Թրամփը նշել է, թե հույս ունի, որ Իրանը չի ծրագրում նման հարձակում, սակայն ինքը լրջորեն է վերաբերվում այդ հարցին։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան, քանի որ նրանք, մեղմ ասած, խելագար են։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է նա։

Հավելենք, որ Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ՝ հանդիպելու Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի առաջնորդների հետ։ Այս չորս երկրների համագործակցությունը հայտնի է որպես Քառակողմ անվտանգության երկխոսություն (Quadrilateral Security Dialogue)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment