Չի կարելի այս որակի նյութերով մարդկանց երկարատև պահել կալանքի տակ, Անդրանիկ Թեւանյանի պաշտպան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, պետք է կայանար Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փաստաբաններից մեկն անձնական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, դրա համար խնդրել են նիստը հետաձգել, որովհետև իր մասնակցությունը կարևոր էր մասնագիտական տեսանկյունից։

«Ապացույցների հետազոտման փուլում ենք, ակնկալիք ունենք, որ ցույց են տալու ապացույցների մեջ՝ որտեղ է պետական գաղտնիքը, քանի որ գործի անկյունաքարն այն է, որ իբր թե ԱԺ նիստից պետական գաղտնիք է դուրս բերվել։ Նախ այդ նիստի ընթացքում չի քննարկվել որևէ մի բան, որը չի քննարկվել դրանից առաջ և հետո բաց՝ տարբեր պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Այսինքն՝ այդ ինֆորմացիան որևէ կերպ գաղտնի չի եղել։ Եվ երկրորդ, ցանկացած պետական գաղտնիք ունի ձևավորման ընթացակարգ՝ գաղտնիության ճանաչման, փաստաթղթավորման և այլն։ Մենք նման տվյալ գործով չունենք և առնվազն դատական նիստերի ընթացքում պահանջում ենք, որ դատախազները հստակ ներկայացնեն, թե բազմաթիվ էջերի տեքստերի սղագրությունների մեջ կոնկրետ որ հատվածն են համարում պետական գաղտնիք և ոնց են հիմնավորում, որ դա գաղտնիք է»,- ասաց փաստաբանը։

Նա հավելեց, որ դեռևս պատասխան չեն ստացել, թե որն է պետական գաղտնիքը, բայց մեղադրանքը թեև թղթի վրա գրված է, սակայն բովանդակային առումով ներկայացված չէ, որովհետև պատշաճ մեղադրանքը ենթադրում է, որ անձին շատ հստակ նկարագրեն՝ իր արարքի հակաիրավականությունը որն է, մինչդեռ իրենց դեպքում դա չեն ներկայացրել. «Ենթադրում եմ, որ իրենք էլ հասկանում են, որ այդ ամեն ինչը չկա, որովհետև մեղադրանքն առաջին օրվանից մի քանի անգամ տարբեր ձևափոխումների է ենթարկվել։ Ի սկզբանե այն խայտառակ տեքստը, որ Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն տարածել էին, վերջում դատարան հասավ լրիվ ուրիշ ձևակերպումներով»։

Փաստաբանի խոսքով՝ որքան ապացույց հետազոտվում է, դատարանի համար ավելի ակնհայտ պետք է լինի, որ անձանց ապօրինաբար են բերել. «Ենթադրում եմ, որ դա պետք է ազդի դատավորի ներքին համոզման վրա, որ չի կարելի այս որակի նյութերով մարդկանց երկարատև պահել կալանքի տակ»։

Խուդոյանն անդրադարձավ նաև երեկ երեկոյան Անդրանիկ Թևանյանի խուց ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցած անձին տեղափոխելուն, ասաց, որ նա կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար. « Խցում եղած մարդիկ գիշերը նույնիսկ չեն էլ քնել, որովհետև մտահոգված են եղել, որ այդ մարդը կարող է վնասել թե՛ իրենց, թե՛ ինքն իրեն»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment