Ինչպես հաղթահարել միզուղիների կրկնվող վարակները՝ խուսափելով հակաբիոտիկներից

Շատ կանանց ծանոթ երևույթ է՝ միզուղիների վարակի դեմ հակաբիոտիկներով բուժումը նոր է ավարտվել ու նորից այրոցի, անհարմարության բնորոշ զգացողությունը, որը հուշում է կրկնվող վարակի մասին։ ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանի տվյալներով՝ կանանց մոտ 60 տոկոսն իր կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է միզուղիների վարակ, իսկ մեկ քառորդից ավելին տառապում է միզուղիների կրկնվող վարակներից, որոնք կարող են վնասել միզուկը, միզապարկն ու երիկամները։

Հասկանալի է, որ շատ դժվար է անընդհատ հակաբիոտիկներ ընդունել, մանավանդ որ դա կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորման՝ նվազեցնելով բուժման հնարավորությունները, էլ չենք խոսում այն կողմնակի ազդեցությունների մասին, որոնք հակաբիոտիկների պարագայում գրեթե անխուսափելի են։

Հուսադրող է այն, որ միզուղիների վարակները շատ դեպքերում հաղթահարվում են առանց հակաբիոտիկների ընդունման։ Ինչպես նշվում է Հարվարդի բժշկական դպրոցի հրապարակումներից մեկում, միզուղիների վարակների դեպքում, երբ չկան սուր ցավեր, ջերմության բարձրացում, մեզի մեջ արյուն և այլն, պետք է պարզապես երբեմն սպասել 48 ժամ՝ մինչ ախտանշանները կթեթևանան՝ օրգանիզմի իմունային համակարգի լավ աշխատանքի շնորհիվ։

Կան նաև մի քանի միջոցներ, որոնք կարող են կանխարգելել մանրէների բազմացումը՝ դանդաղեցնելով վարակի զարգացումը, ինչպես նաև բարելավելով օրգանիզմի միկրոբիոմը։ Այս միջոցները կանխարգելում կամ թեթևացնում են միզուղիների վարակները՝ հակաբիոտիկներից խուսափելու հնարավորություն ստեղծելով։

Որո՞նք են այդ միջոցները

  • Մանրէների բազմացումը կանխելը․ այս կետը ներառում է հիգիենայի պարզ կանոններ՝ ճիշտ լվացվելուց մինչև բնական կտորներից պատրաստված ներքնաշորերի օգտագործումը։
  • Բավականաչափ ջուր խմել։
  • Չզսպել մեզը շատ երկար՝ ամեն անգամ հետևելով, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի։
  • Լոռամրգի կամ լոռամրգի պարունակող հավելումներ օգտագործել, քանի որ լոռամրգին պարունակում է պրոանտոցիանիդիններ կոչվող քիմիական միացություններ, որոնք, լինելով բնական հակաբիոտիկներ, խոչընդոտում են մանրեների՝ միզուղիների պատերին կպչելը։
  • Օգտագործել D-մանոզա․ այս նյութը բնական շաքար է, որը կապվում է աղիքային ցուպիկի հետ՝ մեզի միջոցով այն օրգանիզմից դուրս բերելով։
  • Օգտագործել պրոբիոտիկներ, որոնք կարող են բարելավել միզուղիների, կնոջ սեռական օրգանի միկրոբիոմը։
  • Բժշկի հետ կարելի է քննարկել հեշտոցային էստրոգենի ներմուծման անհրաժեշտությունը՝ հեշտոցի pH-ը վերականգնելու, միզային ախտանիշները թեթևացնելու համար։ Սա հետմենոպաուզային կանանց մոտ միզուղիների վարակների կանխարգելման լավ միջոց է։

Իհարկե այս բոլոր միջոցների օգտագործման արդյունքը խիստ անհատական է, և եթե միզուղիների կրկնվող վարակները հաճախակի բնույթ են կրում, պետք է անպայման դիմել բժշկին ու անցնել անհրաժեշտ հետազոտություններ ինչպես վարակի պատճառներն իմանալու, այնպես էլ գրագետ բուժման միջոցով միզուղիների վարակների խորացումը կանխելու համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կրում բուժում նշանակելու նպատակ։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment