Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, որ Երևանի քաղաքապետարանը ամեն տարի շինթույլտվություններից ստանում է, և այդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, մայթեր, կոյուղիներ, էստակադաներ, հանգույցային կարևոր ճանապարհներ, նաև մեր տրանսպորտի որոշ չափով սուբսիդավորում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի քննադատությանը, որ քաղաքապետարանը խցանումների հարցը լուծելու մասին մտածելու փոխարեն մեծ թվով շինթույլտվություններ է տալիս, որը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
«Սա շատ հստակ թվային ապացուցելի փաստարկ է, և եթե այդտեղ դեռևս ինչ-որ մեկի մոտ հարց է մնում, կարող են ընդամենը մեր բյուջեն ուսումնասիրել: 108 շինարարական թույլտվություններ բազմաբնակարանների և բնակելի համալիրների տրվել է 2021 թվականին։ Դրանից հետո Երևանի քաղաքապետարանը տարին տարվա վրա ավելի նվազ է տվել շինթույլտվություններ, որովհետև հետագայում ներդրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար տուրքեր, շինթույլտվության համար տուրքեր, շինթույլտվությունը երկարաձգելու համար տուրքեր։ Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի ներդնելու է ավարտական ակտերի համար տուրքեր, և այս տուրքերը առաջին հերթին նվազեցրել են դիմողների քանակը։
Արդյո՞ք այդտեղ մութ պրոցես կա։ Իհարկե կարող է այդպիսի հավանականություն լինի, բայց եկեք նայենք այն ժամանակ ոնց էր պրոցեսը և հիմա ոնց է։ Այսօր փաստացի մեխանիզմ ենք ներդրել, երբ 5 ճարտարապետներ ամեն շաբաթ իրականացնում ճարտարապետական խորհրդի նիստեր և որոշում բոլոր բազմաբնակարանների և բնակելի շենքերի ճակատագիրը»։