Հասարակություն
17.11.2026 | 15:43
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով քրեակատարողական հիմնարկներում մահվան շարունակական դեպքերի և դրանց քննության արդյունավետության, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2026 թ. ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն արձանագրվել է մահվան 4 դեպք, 2025 թ.՝ 24, 2024 թ.՝ 12 մահվան դեպք։ 2026 թ. նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահը հերթական անգամ վեր հանեց քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խնդիրները, ինչպես նաև այդ իրավունքների երաշխավորման ուղղությամբ իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտավորությունների ոչ պատշաճ ընկալումն ու կատարումը։
Անընդունելի և խնդրի էությունը շեղող են ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերի արդարացման կամ դրանց մտահոգիչ բնույթը նվազեցնելու փորձերը՝ դրանք ազատության մեջ տեղի ունեցող մահվան դեպքերի հետ համեմատելու միջոցով։ Ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության անմիջական հսկողության և պատասխանատվության ներքո։ Հաշվի առնելով նրանց խոցելիությունը՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց կյանքն ու անվտանգությունը, այդ թվում՝ ապահովել որակյալ և ժամանակին բժշկական օգնություն՝ ազատության մեջ տրամադրվող համարժեք չափանիշներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։