Երևանի քաղաքապետին մոտ 10 տարի առաջ նման հարցադրումներ չէին արվում. Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության և Երևանի խցանումների մասին

Ավինյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի խցանումների վերաբերյալ քննադատությանը


ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի խցանումների վերաբերյալ քննադատությանը, հայտարարել է, որ հասկանում է ստեղծված իրավիճակից առաջացած դժգոհությունն՝ ընդգծելով, որ քաղաքապետի նկատմամբ ակնկալիքներն այսօր ավելի մեծ են, քան 10 տարի առաջ։

Լրագրողը, մեջբերելով Հակոբյանի հայտարարությունը, հարցրել է քաղաքապետին, թե արդյոք մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար նա ունի տիեզերագնացի առողջություն, ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ, ինչին Ավինյանը պատասխանել է, որ չունի։

«Ոչ, իհարկե, և շատ-շատերս չունենք այդ առողջությունը։ Շատ կարևոր է, որպեսզի մայրաքաղաքում A կետից B կետ տեղափոխվելու համար Երևանի քաղաքապետարանն առաջարկի իր լուծումները, և այդ լուծումները չեն ներառելու միայն մեր լիազորությունները։ Այդ լուծումները ենթադրելու են նաև կառավարության գործընկերների որոշակի ընդհանուր կարգավորումների փոփոխություն», – ասել է Ավինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ լուծումները վերաբերելու են մեր դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին։

Ավինյանը նաև նշել է, որ բնական է գնահատում խցանումների թեմայով ստեղծված նյարդը։

«Ես գնահատում եմ շատ բնական այդ ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք 10 բալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է բոլորիս, ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում կարևոր է հստակեցնել, թե ով ինչ անելիք ունի։

«Երևանի քաղաքապետին ժամանակին նման հարցադրումներ չէին արվում, ասենք՝ մի 10 տարի առաջ վստահորեն։ Ես հասկանում եմ, որ մեզանից ակնկալիքները էականորեն ավելի մեծ են, քանի որ տեսնում ենք, որ կոնկրետ լուծումներ տարբեր հարցերին մենք տվել ենք, և դիմադրություն է եղել էդ հարցերին լուծումներ տալու ընթացքում, և մենք պատրաստ ենք այդ ակնկալիքը բավարարել»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանը պատրաստ է իրականացնել իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ վերլուծական աշխատանքը, առաջարկել կարգավորումներ, ինչպես նաև այլ գերատեսչություններին ներկայացնել համապատասխան փոփոխությունների առաջարկներ։


Աննա Հակոբյանի հայտարարությունը

Ավելի վաղ Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում դժգոհել էր Երևանի երթևեկության վիճակից։ Նա հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է լուծել խցանումների խնդիրը՝ տնտեսական աճի, նորակառույց շենքերի, բնակչության, ավտոմեքենաների և զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ։

Նա նաև հայտարարել էր, որ մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ։

Հակոբյանը նշել էր, որ ինքը պարտավոր չէ իմանալ այդ հարցի պատասխանը, սակայն կան մարդիկ, որոնց համար դրա լուծումը աշխատանքային պարտականություն է։ Նա նաև քննադատել էր միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություններ տրամադրելու գործընթացը՝ ընդգծելով, որ նոր շենքերի կառուցմանը զուգահեռ պետք է մտածել նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման մասին։

Leave a comment