Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ ուսանողական խորհուրդը՝ նվիրելով այն Ուսանողի միջազգային օրվան։ Համաժողովին մասնակցեցին ավելի քան 20 բուհերի և մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներ և այլ ներկայացուիցիչներ։
Համաժողովը բացեց ԵՄՀ ռազմավարական զարգացման և միջազգայնացման գծով պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը, ով շնորհավորեց ներկաներին Ուսանողի միջազգային օրվա առթիվ։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Գագիկ Պապոյանը և փոխնախագահ Թինա Դիկրանը։ «Մեր համոզմամբ՝ ուսանողական ինքնակառավարումը պարզապես ուսանողական միջոցառումների կազմակերպման կառույց չէ, այլ ուսանողների շահերի ներկայացման, համալսարանական կառավարման գործընթացներում մասնակցության և ապագա առաջնորդների ձևավորման կարևոր ինստիտուտ», — նշեց Գագիկ Պապոյանը։
Հիմնական ելույթ. անցած ուղին և վերափոխման հեռանկարները
Համաժողովի հիմնական բանախոսն էր ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Մարկոսյանը՝ Հայաստանում ուսանողական ինքնակառավարման ձևավորման ակունքներում կանգնած գործիչներից մեկը։ «Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղին և վերափոխման հեռանկարները» ելույթում նա ներկայացրեց ոլորտի զարգացման երեք փուլ՝ 1993–2000 թթ. ձևավորման շրջանը, 2000-ականներից մինչև 2016 թթ. կառույցների ինստիտուցիոնալ կայացման փուլը, երբ ուսանողները ներգրավվեցին բուհերի կառավարման մարմիններում, ձևավորվեցին աշխատանքային մի շարք այլ մեխանիզմներ և ներկայումս ընցաթող վերափոխման շրջանը։
Բանախոսի գնահատմամբ՝ նոր օրենսդրական պահանջները իրենց մարտահրավերներով հանդերձ առիթ են ուսանողական ինքնակառավարման մարմինների արդյունավետ վերափոխման համար, որը պետք է հենվի ներկայացուցչության հստակեցման, արդյունավետ աշխատանքի, արդի պահանջներին համահունչ ուսանողների հետ աշխատանքի և հաշվետվողականության վրա։ Նա առանձնացրեց նաև միջբուհական ու միջազգային համագործակցության և հիբրիդային թվային մասնակցության կարևորությունը։
Պանելային քննարկումներ
Առաջին պանելային քննարկումը՝ «Ուսանողների մասնակցությունը և ուսանողական ինքնակառավարման ինստիտուցիոնալ խնդիրները», վարեց Գագիկ Պապոյանը։ Քննարկմանը մասնակցեցին Տիգրան Վարդանյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան), Կարլեն Քաշանյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան), Ռուբեն Թարջումանյանը (ՄՊՀ Երևանի մասնաճյուղ) և Մարիամ Գրիգորյանը (Երևանի պետական համալսարան)։
Երկրորդ պանելը՝ «Ուսանողական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը. միջբուհական, ազգային և միջազգային հնարավորություններ», վարեց Էդգար Ամիրխանյանը։ Մասնակիցներն էին Մուշեղ Գալստյանը (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան), Մերի Մանուկյանը (Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ), Մերի Տոնեյանը (ՀՀ պետական կառավարման ակադեմիա), Լիլյա Հարոյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) և Պետրոս Գևորգյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան)։
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ուսանողական խորհուրդներում ուսանողների ներգրավման մոտիվացիայի ներգրավվածության բարձրացմանը, ՈՒԽ տարբեր գործառույթների իրականացմանը, կառույցների աշխատանքների շարունակականությանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների, միջբուհական համագործակցության ցանցերի և հարթակների ձևավորման հնարավորություններին։ Մասնակիցները կարևորեցին նմանատիպ քննարկումները և պատրաստակամություն հայտնեցին շարունակել քննարկումները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: