Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն

Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ուսումնասիրությունները և մշտադիտարկումները վկայում են, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն են ազդում հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռները անհամաչափ են այդ արարքների նկատմամբ»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրչյանը՝ ներկայացնելով Ճանապարհային երթևեկության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը:

Նա նկատեց, որ Տրանսպորտային միջոցների ավելացման պայմաններում աճի միտում ունեն նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման հետ կապված խախտումները:

Մկրչյանը նշեց, որ այս տեսանկյունից Կառավարությունը առաջարկում է որոշ իրավախախտումների համար ներդնել առավել խիստ տուգանային համակարգեր: Մասնավորապես «մուտքն արգելվում է», կամ «բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» իրավախախտման համար գործող 5000 դրամ տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ նման արարքի համար վարորդական վկայականից հանել 2 տուգանային միավոր:

Արտոնություններով 20 հազար դրամ տուգանքը կկազմի 11200 դրամ, իսկ 5000 դրամի դեպքում այն կազմում է 2800 է:

«Կանգառն արգելվում է» ճանապարհային խախտման դեպքում նույնպես սահմանվելու է 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր: Համանման տուգանք է առաջարկվում նաև տրանսպորտային միջոցների երկրորդ կամ ավել շարքերում կայանելու համար՝ կրկին 5000-ից տուգանքը բարձրացնել 20000 դրամ և 0,25 տուգանային միավորը դարձնել 1 միավոր:

Առաջարկվում է խստացնել նաև մեքենաների տարհանման դեպքերի համար սահմանված տուգանքը՝ այն 20000-ից դարձնելով 29 հազար դրամ և տուգանային 0,5 միավորին ավելացնել 1 միավոր:

Ինչ վերաբերում է մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կարգը խախտելուն, ապա առաջարկվում է 5000 դրամը բարձրացնել 20 հազար դրամ և նախատեսել 1 տուգանային միավոր:

Մկրչյանը նշեց, որ նոր նախագծով առաջարկվում է հնարավորություններ ստեղծել, որպեսզի տեղում թքի ստուգման միջոցով հնարավոր լինի գնահատել վարորդների սթափությունը՝ թմրանյութերի օգտագործման դեպքերը բացահայտելու համար:  

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է կանոնակարգել ինքնագլորների օգտագործման կարգը: Այս դեպքում առաջարկվում է փոփոխություն մտցնել, որպեսզի այն օգտագործել կարողանան 16 տարին լրացած անձինք, իսկ արագությունը հետիոտների շրջանում և մայթերին սահմանվի 10 կմ/ժամ արագությունը:  

Leave a comment