Խարդախները կիպտոարժույթ գողանալու նպատակով փոփոխել են Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերում առկա սկրիպտները. Reuters

Հարձակվողները վնասակար կոդ են ներդրել աշխարհի 178 կազմակերպությունների, այդ թվում՝ Zoom-ի, HSBC-ի, CNN-ի և IKEA-ի կայքերում։ Սկրիպտները նախատեսված են եղել բանկային քարտերի տվյալները որսալու, կրիպտոարժույթի դրամապանակների հասցեները փոխարինելու, ինչպես նաև Apple-ի սարքերը վարակելու համար։

Ըստ Reuters-ի՝ հաքերները հարձակումն իրականացնելու համար օգտագործել են Optimizely հարթակը, որը նախատեսված է կայքերի օպտիմալացման համար։ Այս հարթակի միջոցով նրանց հաջողվել է ներդնել վնասակար JavaScript կոդ, որն աշխատել է վարակված կայքերն այցելող օգտատերերի սարքերում։

Կիբերանվտանգության ոլորտի հետազոտող Սքոթ Հելմը հայտնել է, որ հարձակումը վերաբերել է տարբեր ոլորտների 178 կազմակերպությունների կայքերին, այդ թվում՝ Zoom-ին, HSBC-ին, Equifax-ին, CNN-ին, Salesforce-ին և IKEA-ին։

Վնասակար սկրիպտները փորձել են կրիպտոարժույթով վճարումների հասցեները փոխարինել հարձակվողների դրամապանակների հասցեներով, որսալ բանկային քարտերի համարները դրանց մուտքագրման պահին, ինչպես նաև գողանալ cookie ֆայլերն ու էկրանի պատկերները (սքրինշոթները)։ Բացի այդ, կոդը պարունակել է գործիքներ, որոնք նախատեսված են եղել iOS հիմքով սարքերում առկա խոցելիությունները շահագործելու համար։

«Hudson Rock» կիբերանվտանգության ընկերությունը նույնպես հայտնաբերել է ապացույցներ, որ վնասակար կոդը տարածվել է տուժած կազմակերպությունների կայքերի միջոցով։

Այնուամենայնիվ, Reuters-ին չի հաջողվել պարզել, թե որքանով են հարձակվողներին հաջողվել իրականացնել այդ վնասակար գործողությունները, կամ թե քանի օգտատեր կարող է տուժած լինել։ Ներդրված կոդի առկայությունը դեռ չի նշանակում, որ տվյալների գողության վերոնշյալ բոլոր մեթոդները հաջողությամբ կիրառվել են։

Salesforce-ը հաստատել է, որ հետաքննում է Optimizely-ի սկրիպտներում կատարված չարտոնված փոփոխությունները և որպես նախազգուշական միջոց դրանք անջատել է։

Leave a comment