ՀՀ-ում առանց համապատասխան լիցենզիայի կոսմետոլոգիական գործունեություն իրականացնող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա պատշաճ վերահսկողություն իրականացնել ոլորտում։
«Եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն այդ գործունեությունը, այլ ոչ թե միաժամանակ զբաղվել նաև հարակից այլ միջամտություններով»,- նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ հարցի շուրջ կառավարությունում քննարկումներ կանցկացվեն՝ պատժամիջոցների չափը վերանայելու նպատակով։ Մասնավորապես, նախատեսվում է, որ խախտումների համար սահմանվող տուգանքը չսահմանափակվի տվյալ անձի իրականացրած մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքով, այլ լինի առավել համաչափ։