Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարող յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման արդյունքներով՝ հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն առաջատար դիրք է զբաղեցրել։ Նա հավաքել է առավելագույն 14 միավորից 12-ը՝ չորս միավորի առավելություն ապահովելով մյուս հավակնորդների նկատմամբ։
Գնահատումն իրականացրել է ԱՀԿ գլխավոր տնօրենի նախկին հատուկ խորհրդական Փիթեր Սինգերը։ Վերջինս նոյեմբերի 15-ին Global Health Insights հարթակում ներկայացրել է կազմակերպության ղեկավարի ընտրապայքարին նվիրված իր վերլուծության նորացված տարբերակը, հայտնում է Aysor.am-ը:
Թամամյանի դիրքերը զգալիորեն բարելավվել են նոյեմբերի 12-ին նրա բարեփոխումների ծրագրի հրապարակումից հետո։ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» խորագրով փաստաթղթի ներկայացման արդյունքում հայ մասնագետի գնահատականը կրկնապատկվել է՝ նախկին վեց միավորից հասնելով 12-ի։
Փիթեր Սինգերի գնահատմամբ՝ Գևորգ Թամամյանն այս պահին միակ հավակնորդն է, որը ներկայացրել է առողջապահության ոլորտում ակնկալվող արդյունքների հստակ և չափելի ցուցանիշներ՝ դրանց հասնելու համար սահմանելով նաև կոնկրետ ժամկետներ։
«Թամամյանն այժմ ներկայացրել է նպատակներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուրը կարող է ստուգել։ Սա այն նշաձողն է, որին մյուսները պետք է համապատասխանեն», – գրում է Սինգերը։
Փորձագիտական ուսումնասիրությունը կառուցվել է երկու հիմնարար հարցի շուրջ։ Դրանցից առաջինը վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեության միջոցով առավել շոշափելի և գործնական արդյունքների ապահովմանը, իսկ երկրորդը՝ կազմակերպության աշխատանքի նկատմամբ քաղաքական ազդեցության նվազեցմանը։
Սինգերն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Թամամյանի ծրագրային մի շարք առաջարկների։ Դրանց թվում են մանկական քաղցկեղի բուժման արդյունավետության չափելի ցուցանիշների սահմանումը, անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիության բարելավումը, ղեկավարության հրապարակային հաշվետվողականության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև գիտական անկախության երաշխավորումը։
Միաժամանակ վերլուծության հեղինակը շեշտել է, որ ԱՀԿ հաջորդ գլխավոր տնօրենի ընտրությունը չպետք է դիտարկել բացառապես թեկնածուների ստացած գնահատականների համեմատության տեսանկյունից։ Նրա համոզմամբ՝ առավել էական է պարզել, թե հավակնորդներն ինչ գործիքներով և գործողություններով են պատրաստվում կյանքի կոչել իրենց ներկայացրած խոստումները։
Սինգերը նաև պարզաբանել է իր կազմած գնահատման աղյուսակի նշանակությունը։ Այն արտացոլում է թեկնածուների հրապարակային ծրագրերի և առաջարկների հստակության ու գործնական հիմնավորվածության աստիճանը, այլ ոչ թե նրանց՝ ընտրություններում հաղթելու հավանականությունը։
Վերլուծության հեղինակը միաժամանակ ընդգծել է, որ ինքը չի սատարում գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից որևէ մեկին։
Գևորգ Թամամյանի թեկնածությունն առաջադրվել է Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Հայ մասնագետն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար ընթացող ընտրապայքարում միակ միջտարածաշրջանային թեկնածուն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է անցկացնել 2027 թվականի մայիսին։