Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Անի Ավետիսյանի ընտանիքի տուն ներխուժած և կնոջը հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայող Նասիմ Ռահիմ օղլի Մուսաևի գործն ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը սեպտեմբերի 26-ին ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը՝ իր մոտ ունենալով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, փամփուշտներ և սվին-դանակ։ Այնուհետև նա մուտք է գործել Ավետիսյանների բնակարան, գողացել տարբեր իրեր և գումար։ Տանը գտնվել են նաև Անի Ավետիսյանի անչափահաս երեխաները։ Մուսաևը, ըստ նախաքննության տվյալների, սպառնացել է երեխաներին, վերցրել նրանց հեռախոսները և սահմանափակել ազատ տեղաշարժվելու հնարավորությունը։
MediaHub-ի հետ զրույցում Անի Ավետիսյանի քույրը՝ Արփին, պատմել է, որ կրակոցին նախորդել է դաժան ծեծը։ Նրա խոսքով՝ Մուսաևը Անիին հարվածել է ինքնաձիգի տարբեր մասերով, սվին-դանակով հրել, բրթել և գցել մահճակալին։ Երբ Անին փորձել է դիմադրել, նա կրակել է կնոջ ուղղությամբ։
Արփիի փոխանցմամբ՝ Անիի վերջին վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։ Վիրահատությունից հետո կինը հինգ օր կարողացել է կանգնել և հենվել միայն չվիրահատված ոտքին, սակայն այժմ կրկին անկողնային վիճակում է։ Բժիշկների կանխատեսմամբ՝ ապաքինման համար առնվազն երեքից չորս ամիս կպահանջվի։ Ընտանիքը դեռ չգիտի՝ երբ Անիին կհաջողվի լիարժեք վերականգնվել։
Անիի երեխաները շարունակում են հաճախել Դաշտավանի միջնակարգ դպրոց և այս ընթացքում բնակվում են տատիկի ու պապիկի հետ։
Նասիմ Մուսաևը դեպքից հետո դիմել էր փախուստի և թաքնվել Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ տան հարակից անասնագոմում։ Նույն օրը նա հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։
Քրեական գործն արդեն դատարանում է։ Մուսաևի մեղավորությունը պետք է հաստատվի դատաքննությամբ։