ՀՀ–ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն. Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու և լուծումներ են գտնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում, եթե կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող անձը կամ կազմակերպությունը համապատախսան լիցենզիա չունենա, ապա կտուգանվի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանում կոսմետոլոգիական միջամտություններ ոլորտն էլ ավելի խստորեն պետք է ստուգվի և լիցենզավորվի, որպեսզի ընդամենը մի քանի կուրս դասընթաց անցած անձը կամ կազմակերպությունը հնարավորություն չունենա բավականին բարձր գներով նման ծառայություն մատուցել մարդկանց, վնասել նրանց առողջությունը։

Նախարար Ավանեսյանն ասաց, որ ցանկացած բժշկական ծառայություն մատուցելու համար կազմակերպությունը պետք է տվյալ ծառայության տեսակի համար լիցենզիա ստանա։

Նախարարը նաև չժխտեց, որ այսօր որոշ մասնագետներ լիցենզավորման համակարգի բացակայության պատճառով հնարավորություն են ունենում ոչ իրենց մասնագիտական գործունեության շրջանակում տեղավորվող մասնագիտական միջամտություններ անել։

«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,– հայտարարեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու և լուծումներ են գտնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։

Leave a comment