Երևանի ավագանու նիստում բուռն քննարկում ծավալվեց մայրաքաղաքի խցանումների պատճառների, նորակառույցների ազդեցության, հանրային տրանսպորտի կազմակերպման, մարզերից եկող մեքենաների հարցի և հսկիչների աշխատանքի շուրջ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ամբիոնից դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ անդրադառնալով գործակարգավարական նիստում խցանումների մասին հնչած հայտարարություններին։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում Ավինյանը որոշ հարցերում, կարծես, «ընդդիմադիր կեցվածք» է ընդունել, և հարցրեց, թե Կառավարությանը հարող շրջանակներն ինչու են երկու տարի գոյություն ունեցող խցանումները հանկարծ հիշել հենց հիմա։
Խոսելով խցանումների պատճառների մասին՝ ավագանու անդամը նշեց, որ նորակառույցները միակ պատճառը չեն, սակայն հնարավոր չէ հերքել քաղաքաշինական տարրական տրամաբանությունը․ երբ հին ու չընդլայնվող փողոցների վրա ավելացվում են տասնյակ հազարավոր նոր բնակարաններ՝ իրենց ավտոմեքենաներով և կոմերցիոն տարածքներով, ճանապարհային ցանցը ֆիզիկապես չի կարող մարսել այդ հոսքը։
«Դա նույնն է, ինչ բարակ խողովակի մեջ փորձել տասնապատիկ ավելի ջուր բաց թողնել և ասել՝ խողովակի չափը կապ չունի»,- պատկերավորեց նա։
Ավագանու անդամը բարձրացրեց նաև տրանսպորտային կառավարման մի շարք կոնկրետ խնդիրներ․ «Հանրային տրանսպորտի առանձնացված գծերը պետք է լինեն համատարած, սակայն փոխարենը պետք է հեռացվեն կարմիր գծերը։ Առանձնացված գծերով պետք է թույլատրվի նաև շտապօգնության, ոստիկանության մեքենաների, ինչպես նաև մոպեդների ու հեծանիվների երթևեկությունը։ Կանգառասրահները շատ վայրերում չափազանց մոտ են խաչմերուկներին, ինչը խցանում է առաջացնում։ Երևանում գեթ մեկ ավտոկայանատեղի չի կառուցվել, չկան նաև խոստացված խելացի լուսացույցներն ու էստակադաները»։
Անդրադառնալով մարզերի և Երևանի բնակիչների տարանջատման շուրջ առաջացած արձագանքին՝ Սարգսյանը շեշտեց, որ երևանցու, էջմիածնեցու և արմավիրցու շահերը հավասար են, և պետք է լուծումներ տալ՝ բնակիչներին մեղադրելու փոխարեն։
Նա նաև պահանջեց պարզաբանում ներկայացնել ավտոբուսում 13-ամյա երեխայի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ հարցնելով, թե ինչու է դեպքը «ծածկվել» և ինչ վերապատրաստում են անցնում հսկիչները՝ հղիների, երեխաների և տարեցների հետ աշխատելու համար։
Ի պատասխան հնչած ելույթի՝ արտահերթ խոսք խնդրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա նախ առաջարկեց ավագանու անդամին ուսումնասիրել «կոմպակտ շինարարության ազդեցությունը խցանումների վրա» թեման՝ նշելով, որ Սարգսյանի ելույթում տրամաբանական հակասություններ կան։ Փոխքաղաքապետի խոսքով՝ օրինակ Արաբկիր վարչական շրջանում առավոտյան և երեկոյան ժամերին խցանումները պակաս չեն Կենտրոնից, քանի որ այն տրանզիտային գոտի է։ Նա ընդգծեց, որ շինարարությունը պայմանավորված է պահանջարկով, և եթե շենքերը Կենտրոնում չկառուցվեն, այլ կառուցվեն մյուս վարչական շրջաններում, միևնույն է՝ մարդիկ առավոտյան աշխատանքի համար գալու են Կենտրոն։
Իսկ «խողովակների» թողունակության մասով Գրիգորյանը նշեց, որ փողոցների իրական թողունակությունը շատ վայրերում նվազում է արգելված վայրերում կայանած մեքենաների պատճառով, ինչի դեմ քաղաքապետարանը պայքարում է։ Սուրեն Գրիգորյանը կոշտ քննադատեց Սարգսյանի որոշ գործընկերների՝ մարզերից եկող վարորդների թեմայով արված հայտարարությունները՝ դրանք որակելով «բացահայտ սուտ»․ «Երբ մենք խոսում ենք հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին, որ մարզից Երևան եկողը կարողանա ավտոմեքենան կանգնեցնել և օգտվել հանրային տրանսպորտից, ձեր գործընկերները ներկայացնում են, թե սահմանափակելու են, արգելելու են։ Դա տրամաբանության տեսանկյունից շատ նմանվում է ահաբեկչությանը, որովհետև դուք ահաբեկում եք մարդկանց»։
Անդրադառնալով քաղաքական ակնարկներին՝ թե քաղաքային իշխանությունը դարձել է ընդդիմադիր կամ Կառավարության հետ տարաձայնություններ ունի, Գրիգորյանը հակադարձեց․ «Երբ հանրային դաշտում ընդդիմությունն այն տիպի գոյություն չունի, որ իշխանությունն է այլևս ստիպված հանրային դաշտում բարձրացնել առանձին օրակարգեր ու բանավիճել, դուք ձեզ պետք է հարց տաք ու հայելու մեջ նայեք, թե ինչպես ձեր դաշտում չկաք, որ իշխանությունն այդ դաշտն էլ է ստիպված գալ փակել»։
Եզրափակելով խոսքը՝ փոխքաղաքապետը նշեց, որ տրանսպորտային հսկիչների աշխատանքի արդյունքը երևում է ուղեվարձի հավաքագրման տոկոսների աճով, իսկ առանձին միջադեպերի մասով չկա որևէ դեպք, որին քաղաքապետարանը չարձագանքի և պարզաբանում չներկայացնի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան