2026 թվականի ընթացքում Հայաստանի քրեակատարողական համակարգում գրանցվել է ազատությունից զրկված 4 անձի մահվան դեպք, որոնցից երկուսը եղել են ինքնասպանության հետևանք։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, հայտնում է «Sputnik Արմենիան»:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է «Խնամի» պալիատիվ բժշկական կենտրոնում, ևս մեկը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վերջին դեպքում խոսքը Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մասին է։
Արձանագրված երկու ինքնասպանություններից մեկը տեղի է ունեցել «Արմավիր», մյուսը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ծառայության փոխանցմամբ՝ բոլոր չորս մահացած անձինք ունեցել են կալանավորվածի կարգավիճակ։
2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվը հասել է աննախադեպ ցուցանիշի՝ 24-ի։ Մահացածներից 12-ը եղել են դատապարտյալներ, իսկ մյուս 12-ը՝ կալանավորված անձինք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ինքնասպանության ութ դեպք։ Դրանցից մեկը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, երկուական դեպք՝ «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, իսկ երեք դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Մահվան ինը դեպք գրանցվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում, ուր տեղափոխվել են անազատության մեջ գտնվող անձինք։ Մասնավորապես, երեք անձ մահացել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, երեքը՝ «Էջմիածին» ԲԿ-ում, ևս մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Եվս յոթ անձի մահն արձանագրվել է անմիջապես քրեակատարողական հիմնարկների տարածքում։ Մեկական դեպք գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, երկու դեպք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, իսկ երեքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։
2025 թվականին մահացած 24 անձանցից 23-ը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ մեկը՝ Իրանի քաղաքացի։
Ինչ վերաբերում է 2024 թվականի ցուցանիշներին, ապա այդ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգում արձանագրվել է մահվան 12 դեպք։ Մահացածների կեսը՝ վեց անձ, ունեցել է դատապարտյալի, իսկ մյուս վեցը՝ կալանավորվածի կարգավիճակ։
Նշված 12 դեպքերից տասը գրանցվել են բժշկական հաստատություններում։ Մասնավորապես, հինգ անձ մահացել է «Էջմիածին» բժշկական կենտրոնում, երեքը՝ «Էրեբունի» ԲԿ-ում, մեկական դեպք էլ արձանագրվել է «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» և «Գյումրի» բժշկական կենտրոնում։
Երկու անձի մահվան դեպք գրանցվել է անմիջապես քրեակատարողական հիմնարկներում՝ մեկական «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում։
Հատկանշական է, որ 2024 թվականի ընթացքում անազատության մեջ գտնվող անձանց շրջանում ինքնասպանության որևէ դեպք չի արձանագրվել։ Այդ տարի մահացած 12 անձանցից տասը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ մեկական անձ՝ Թուրքիայի և Իրաքի քաղաքացիներ։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը բազմիցս ահազանգել է անազատության մեջ գտնվող անձանց բժշկական սպասարկման ոլորտում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ։
Դիտորդներն առանձնակի ուշադրություն են հրավիրել տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, բուժօգնության ժամանակին ու անարգել հասանելիության, մասնագիտացված բժշկական ծառայությունների կազմակերպման և անհրաժեշտ հետազոտությունների իրականացման հետ կապված թերությունների վրա։
Բացի հրապարակային հայտարարություններից, դիտորդների խումբը համապատասխան գրություններ է հասցեագրել նաև ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջական վիճակին և բուժսպասարկման կազմակերպմանն առնչվող հարցերը։