Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պերուի մայրաքաղաքում երկուշաբթի շրջայց կատարելու ժամանակ հավատացյալներից մեկի նետած տերողորմյան դիպել է Հռոմի պապի աչքին։ Լևոն XIV-ը Լիմայի փողոցներով ընթացել է պապական ավտոմեքենայով, երբ հավաքվածների միջից նետված տերողորմյան դիպել է նրա աչքին։ Հարվածից հետո նա ձեռքով բռնել է դեմքը։

Միջադեպն արձանագրած տեսանյութում երևում է, թե ինչպես է նա առարկայի հարվածից հետո տրորում աչքը։ 71-ամյա Հռոմի պապն ուղևորվում էր Լաս Պալմասի ավիաբազա՝ հրաժեշտի պատարագ մատուցելու համար։ Դա նրա հարավամերիկյան 12-օրյա շրջագայության վերջին օրն էր։

Պերուում եզրափակիչ պատարագին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ։ Լևոն XIV-ն այդ երկիրն անվանել է իր երկրորդ հայրենիքը։

Հռոմի պապի շրջագայությունն ընդգրկել է Ուրուգվայն ու Արգենտինան, սակայն Պերու կատարած այցը հատկապես նշանակալի էր։ Նա այդ երկրում անցկացրել է շուրջ 20 տարի, այդ թվում՝ մեկ տասնամյակ՝ հյուսիսային Չիկլայո քաղաքում, որտեղ ծառայել է որպես հոգևոր հովիվ՝ հայր Ռոբերտո անունով։

Թեև Լևոն պապը ծնվել է Չիկագոյում, 1985 թվականին՝ 29 տարեկանում, միսիոներական առաքելությամբ Պերու ժամանելուց հետո չորս տասնամյակ ապրել և ճանապարհորդել է այդ երկրում։ Նա ԱՄՆ-ում ծնված առաջին Հռոմի պապն է և առաջինը, որն ունի Պերուի քաղաքացիություն։

Երկուշաբթի տասնյակ հազարավոր պերուացիներ են գնացել նրան դիմավորելու։ Նրանցից շատերը պաստառներ էին բերել՝ ի պատիվ պապի։ Տարածաշրջանում անցկացրած 12 օրերից վեցը Հռոմի պապը նվիրել է Պերուին։

Ուղևորության ընթացքում Հռոմի պապը բացառիկ տոկունություն է դրսևորել՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի 13-ին թոքերի քաղցկեղի պատճառով վիրահատության էր ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment