Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է մի քանի միջազգային միջոցառման, ներկա եղել մի քանի հավաքական լուսանկարներում։ Դրանցից որեւէ մեկում հնարավոր չէ նկատել մի որեւէ պետության ղեկավարի, որի կրծքին իր պետության քարտեզն է, այն էլ գունեղ։ Փաշինյանն այդ իմաստով գտել է «բացառիկ» եւ «օրիգինալ» լինելու ձեւը։ Բայց, նրա այդ «բացառիկությունը» կամ «օրիգինալությունը» փաստացի Հայաստանն ապալեգիտիմացնելու ձեւն է։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ամբիոններից շեփորում է «իրական Հայաստանի» շրջանակում միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետություն ամրագրելու մասին, նրա կրծքին ամրացված պետական քարտեզը խոսում է լրիվ հակառակ տրամաբանությամբ։ Որեւէ պետության ղեկավար չի ներկայանում իր պետության քարտեզ–կրծքանշանով, որովհետեւ չունի դրա կարիքն ու անհրաժեշտությունը, չի տեսնում որեւէ մեկին իր պետության որեւէ սահմանի կամ տարածքի «լեգիտիմության» մասին հիշեցնելու կարիք։ Պարզապես չունի այդպիսի հարց, չունի այդպիսի մարտահրավեր, խնդիր, մոտիվ եւ այլն։ Երբ որեւէ մեկը տեսնում է անընդհատ իր պետությունը ցուցադրելու կարիք, դրա տողատակում այն է, որ նա անընդհատ ունի այդ պետության ընկալման ու լեգիտիմության պակաս։ Այդպիսով, Փաշինյանի կոստյումի վրա Հայաստանի քարտեզի ամրագրումը այլ բան չէ, քան նրա խոստովանությունը, որ ինքը ոչ թե կերտում է միջազգայնորեն լեգիտիմ Հայաստան, այլ՝ ապալեգիտիմացրել է Հայաստանը։
Եվ այստեղ առանցքային խնդիրն է, ամենից վտանգավորը։ Փաշինյանն ապալեգիտիմացրել է այն Հայաստանը, որը 1991 թվականից հետո դարձել էր միջազգային կյանքի բացարձակ լեգիտիմ մասնակից, լիարժեք անդամ՝ իր Անկախության հռչակագրով, Արցախի հարցով եւ առկա ստատուս–քվոյով։ Այդ Հայաստանն էր միջազգայնորեն լեգիտիմը։ Աշխարհը ճանաչել էր այդ Հայաստանը։ Իսկ այն Հայաստանը, որը Փաշինյանն է «կերտում», հայտարարում՝ թե «ստեղծել» է, միջազգայնորեն լեգիտիմ չէ։ Ու սրա պատճառն այն չէ, որ միջազգային դերակատարները այն Հայաստանը սիրում էին, այս մեկը՝ «իրական Հայաստանը», չեն սիրում։ Նրանք Փաշինյանի նկարագրած «ստալինյան հայրենասիրության» կրողներ չեն։ Պարզապես, նրանք քաղաքական շահի կրողներ են՝ լինելով միջազգային քաղաքականության տարբեր տրամաչափի սուբյեկտներ։ Նրանք փաստացի տեսել են, որ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության պահպանման, կարող է հրաժարվել Հայաստանի որեւէ իրավունքից եւ սուբյեկտության որեւէ բաղադրիչից։ Այդ պարագայում որեւէ մեկը չունի «իրական Հայաստանի» լեգիտիմություն ճանաչելու մոտիվ, որովհետեւ ցանկացածի մոտ կա այդ Հայաստանից կամ Հայաստանի հաշվին դեռ որեւէ բան ուղղակի, թե անուղղակի ստանալու ակնկալիք։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: