Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ այն մեղադրանքներից հետո, ըստ որոնց՝ նա ֆինանսական օգուտներ է ստացել պետական երկաթուղային նախագծից․ գրել են ԶԼՄ-ները։
Խուրելսուխը հայտարարել է, որ կհամագործակցի հետաքննության հետ։
Մեղադրանքները վերաբերում են «Տավան Տոլգոյ – Գաշուունսուխայտ» երկաթուղու կառուցման համար անցկացված փակ մրցույթին, որում հաղթել էր «Bodi Group»-ը։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչները կարող էին ընդհանուր առմամբ 110 միլիոն դոլարի կաշառք ստացած լինել։
Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել էր նախագահի և մեղադրանքներում հիշատակվող այլ պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննությանը նպաստելու համար։ Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկեցին այդ նպատակով ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։
Այս նախաձեռնությանը սատարել է խորհրդարանի 42 անդամ։ Նրանք նաև պահանջել են գաղտնազերծել Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականից ի վեր տրված բոլոր հանձնարարականները։ Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի նոյեմբերի 19-20-ը կայանալիք խորհրդարանական լիագումար նիստերի ընթացքում։
Ըստ հաղորդման՝ մի քանի օր առաջ Ուլան Բատորի նախկին քաղաքապետ Խիշգեեգիյն Նյամբաատարը հեռարձակման ժամանակ պնդել էր, որ նախագահ Խուրելսուխը նույնպես կաշառք ստացողների թվում է եղել։
Մոնղոլիայի հակակոռուպցիոն մարմինը հայտնել է, որ 110 միլիոն դոլարի կանխիկ վճարումների վերաբերյալ ապացույցներ չի հայտնաբերել։ Այնուամենայնիվ, հետաքննությունը բացահայտել է ընդհանուր առմամբ 286 միլիարդ տուգրիկի չափով կանխավճարներ։ Փոխվարչապետ Նյամտայշիրին Նոմտոյբայարը բացատրել է այդ միջոցների առկայությունը՝ վկայակոչելով ածխի գնման պայմանագրերը։