Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն ընտրվել է լեգենդար գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի նոր դերակատար։ Նա կդառնա գործակալ 007-ին մարմնավորող յոթերորդ դերասանը։
Սոցիալական հարթակներում հրապարակված տեսանյութում Փաթինսոնը, սմոքինգ հագած, հայտնվում է մթությունից և զենքն ուղղում անտեսանելի հակառակորդի կողմը։ Կադրերն ուղեկցվում են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի հանրահայտ երաժշտական թեմայով, գրում է Deutsche Welle-ն:
«Ջեյմս Բոնդը վերադառնում է»,– նշված է տեսանյութին կից գրառման մեջ։
40-ամյա դերասանի մասնակցությամբ կնկարահանվի Բոնդի մասին հիմնական ֆիլմաշարի 26-րդ կինոնկարը։
Ռոբերտ Փաթինսոնը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Հարի Փոթեր» ֆիլմաշարում, «Մթնշաղ» վամպիրական սագայում և Բեթմենի մասին ֆիլմում դերերի շնորհիվ։ Հատկապես «Մթնշաղ» ֆիլմաշարում նրա մասնակցությունը դերասանին մեծ ժողովրդականություն է բերել միջազգային կինոշուկայում։
Նոր Ջեյմս Բոնդի ընտրության գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ քննարկումներով և հավանական թեկնածուների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններով։
Variety պարբերականի տվյալներով՝ գործակալ 007-ի դերի համար փորձերին մասնակցել են նաև Նիկոլաս Հոլթը, որը հայտնի է «Խելագար Մաքս․ ցասման ճանապարհ» ֆիլմից, Քալում Թերները, որը նկարահանվել է «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցագործությունները» կինոնկարում, ինչպես նաև «Թագը» հեռուստասերիալից հայտնի Ջոշ Օ’Քոնորը և այլ դերասաններ։
Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմի ռեժիսորն է լինելու կանադացի կինոռեժիսոր Դենի Վիլնյովը։ Նա հայտնի է «Դյունա», «Ժամանում» և «Սայրի վրայով վազողը 2049» ֆիլմերով, որոնք միջազգային լայն ճանաչում են ստացել։
Նոր կինոնկարի սցենարը գրելու է բրիտանացի սցենարիստ Սթիվեն Նայթը, որը հանդիսատեսին հայտնի է հատկապես «Սուր հովարներ» հեռուստասերիալի ստեղծմամբ։
Նայթն ավելի վաղ պատմել է, որ Բոնդի մասին նոր ֆիլմի սցենարի վրա աշխատելիս շփումներ է ունեցել բրիտանական SAS հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների, ինչպես նաև «առավել գաղտնի ստորաբաժանումների» հետ։ Այդ հանդիպումների ընթացքում նա ուսումնասիրել է հատուկ ծառայությունների աշխատակիցների առօրյա գործունեությունն ու աշխատանքի առանձնահատկությունները։
Հատկանշական է, որ Ռոբերտ Փաթինսոնն ու Դենի Վիլնյովն արդեն համատեղ աշխատանքի փորձ ունեն։ Դերասանը մասնակցել է ռեժիսորի «Դյունա» ֆիլմաշարի երրորդ մասի նկարահանումներին, որի կինոթատրոնային պրեմիերան նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։
Այդ ֆիլմում Փաթինսոնը մարմնավորում է Սքայթեյլին՝ արտաքին տեսքը փոխելու ունակությամբ օժտված կերպարի, որը մասնակցում է գլխավոր հերոս Փոլ Ատրեյդեսի դեմ կազմակերպված դավադրությանը։ Փոլ Ատրեյդեսի դերակատարը հայտնի դերասան Թիմոթի Շալամեն է։
Փաթինսոնից առաջ Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորել է Դենիել Քրեյգը, որը նկարահանվել է լեգենդար գործակալի մասին հինգ ֆիլմում։ Քրեյգի մասնակցությամբ վերջին՝ «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարը էկրան է բարձրացել 2021 թվականին։ Ֆիլմն ավարտվել է նրա մարմնավորած Ջեյմս Բոնդի մահով՝ այդպիսով եզրափակելով դերասանի մասնակցությամբ ֆիլմաշարի պատմությունը։